Մատչելիության հղումներ

logo-print

Վարչական դատարանում սկսվեց Ոստիկանության դեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը


Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, փետրվար, 2008

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, փետրվար, 2008

Չորեքշաբթի օրը Վարչական դատարանում սկսվեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության դեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի բողոքի քննությունը:

Փաշինյանի շահերի պաշտպանը դատարանում վիճարկում է անձնագրային եւ վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվում է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության տեղեկանք տրամադրել` պնդելով, որ անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ` նա Հայաստանում չի բնակվել:

Հիշյալ տեղեկանքը անհրաժեշտ է հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Փաշինյանի թեկնածության գրանցման համար:

Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչներ Գոռ Հարությունյանն ու Հայկ Գաբրիելյանը դատարանում չկարողացան հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը վերջին հինգ տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում։

Նիկոլ Փաշինյանն ու իր ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ Փաշինյանի անձնագրում հանրապետությունից դուրս գալու մասին որեւէ նշում չկա, ինչը հաստատում է, որ նա վիճարկվող ժամանակահատվածում՝ անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը, գտնվել է Հայաստանում։ Փաշինյանի ներկայացուցիչները նաեւ նշեցին, որ եթե նա ապօրինաբար է լքել հանրապետությունը, ապա ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել, իսկ նման գործ՝ չի հարուցվել։

Ոստիկանության ներկայացուցիչները դատարանում հայտարարեցին, որ իրենց համար հիմք են հանդիսացել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի տրամադրած գրությունը այն մասին, որ Փաշինյանը, գտնվելով հետախուզության մեջ, այդ ժամանակահատվածում չի հայտնաբերվել, ինչը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը հիմք է տվել եզրակացնելու, որ հետախուզվողը այդ ընթացքում հանրապետությունում չի գտնվել։ Բացի այդ, պատասխանող կողմը նշեց, որ իրենք որպես հիմք են ընդունել նաեւ Փաշինյանի հայտարարությունները մամուլում այն մասին, որ ինքը Հայաստանում չէ։ Խոսքը «Հայկական ժամանակ» օրաթերթում պարբերաբար հրապարակվող՝ «Երկրի հակառակ կողմից» վերնագրով Նիկոլ Փաշինյանի ստեղծագործության մասին էր։

«Ոստիկանությունն էլ է հասկանում, որ այս տեղեկանքում ակնհայտ կեղծ տվյալներ են մուտքագրված եւ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Ուստի ստիպված փորձ են անում որեւէ կերպ հիմնավորել իրենց մերժումը», - մեկնաբանելով դատական գործընթացը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Դատարանում ոստիկանության ներկայացուցիչները, չէին կարողանում, կամ չէին ցանկանում պատասխանել Փաշինյանի եւ նրա ներկայացուցիչների հարցերին, բազմիցս սահմանափակվելով՝ «չգիտեմ», «չեմ կարող ասել» պատասխաններով։ Դատաքննության ընդմիջման ընթացքում ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասելով՝ «ես լիազորված չեմ Ձեր հարցին պատասխանել»։

«Իրենք չունեն պատասխան», - կարծում է Լուսինե Սահակյանը, - «Որովհետեւ եթե իրենք պատասխանելու լինեն այդ հարցերին, իրենք պետք է հիմնավորեն, որ Փաշինյանը բնակվել է հանրապետությունում»։

Առավելապես հայցվոր կողմին լսելուց հետո դատավոր Արծրուն Միրզոյանը հայտարարեց դատաքննության ավարտի մասին եւ որոշեց վճիռը հրապարակել նոյեմբերի 20-ին։

Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի փոխանցմամբ, սակայն, դատավորի այս որոշումը օրենքի խախտում է. - «Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն տվյալ գործերը պետք է քննվեն եւ լուծում տրվի 7-օրյա ժամկետում։ Այդ ժամկետը այսօր սպառվում էր»։

Դատավարության ընթացքում Վարչական դատարանի ողջ տարածքը շրջապատված էր ոստիկաններով ու պարեկապահակային ծառայության աշխատակիցներով, ներս էին թողնում խիստ սահմանափակ թվով քաղաքացիների։
XS
SM
MD
LG