Մատչելիության հղումներ

Վերջին տասնամյակում առաջին անգամ այս տարի Հայաստանում արձանագրվել է ընդհանուր աղքատության աճ։Դա է վկայում Երեւանում Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված «Հայաստան. աղքատությունը եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական հետեւանքները» վերլուծությունը:

«Մեր նախնական վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր աղքատությունը Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում հասել է 28.4 տոկոսի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.6 տոկոսի համեմատ։Այլ կերպ ասած, աղքատների թիվը այդ ընթացքում աճել է ավելի քան 90 հազարով։Գրեթե կրկնապատկվել է Հայաստանում ծայրահեղ աղքատության աստիճանը` 3.6-ից հասնելով 6.9 տոկոսի, երկրում ծայրահեղ աղքատների թիվն ավելացնելով 107 հազարով», - Երեւանում երեքշաբթի օրը հայտարարեց վերլուծությունը իրականացրած ՀԲ-ի ավագ տնտեսագետ Լիրե Էրսադոն:

Համաշխարհային բանկը իր վերլուծության մեջ օգտագործել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ըստ այդմ՝ 2008 թվականին Հայաստանում աղքատների թիվը կազմել է բնակչության 23.5 տոկոսը` կամ ավելի քան 760 հազար մշտական բնակիչ, իսկ նրանցից մոտավորապես 100 հազարը ծայրահեղ աղքատներն էին։

Լիրե Էրսադոն նշեց, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում զգալիորեն ավելացել է արտերկրից Հայաստան վերադարձող աշխատանքային միգրանտների թիվը, ովքեր ավելացրել են երկրի ներսում արդեն իսկ գոյություն ունեցող գործազուրկների թիվը. - «Արտաքին միգրացիան զգալիորեն նվազել է, սակայն աճել է Հայաստան վերադարձողների թիվը: Հետաքրքիր է, սակայն, որ սա չի ազդել տրանսֆերտների ցուցանիշների վրա»։

Վերլուծության համաձայն, առավել տուժել է շինարարության եւ արդյունաբերության ոլորտներում ներգրավված աշխատուժը։ Մեծացել է նաեւ աշխատանքից հիասթափվածների թիվը, թեեւ աշխատավարձերի էական կրճատում տեղի չի ունեցել։

Այս ամենի հետ մեկտեղ, ՀԲ-ի ավագ փորձագետը դրական գնահատեց Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քայլերը. - «Ճգնաժամի դեմ պայքարի ե'ւ կառավարության, ե'ւ տնային տնտեսությունների ձեռնարկած քայլերը ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, կարող են նվազեցրած լինել դրա բացասական արդյունքները երկրում։Առանց այդ համատեղ ջանքերի, աղքատությունը աճը կարող էր կազմել մինչեւ 7.6 տոկոս»:
XS
SM
MD
LG