Մատչելիության հղումներ

logo-print

«Հայ - թուրքական կարգավորումը կարող է արմատապես փոխել Նախիջեւանի ճակատագիրը»


«Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է արմատապես փոխել Նախիջեւանի ճակատագիրը` վերականգնելով այստեղով անցնող երբեմնի աշխույժ երկաթուղային հաղորդակցությունը», - համոզված են թուրք վերլուծաբանները:

Ստամբուլում գործող ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` «Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» հրապարակած առաջարկում վերլուծաբան Բուրջու Գյուլթեքին Փունսմանը նշում է. - «Որպես բարի կամքի դրսեւորում` Հայաստանը կարող է ապաշրջափակել Նախիջեւանը»: Այդ դեպքում, ըստ թուրք հետազոտողի, Նախիջեւանը կրկին հնարավորություն կստանա ուղղակի ցամաքային կապ հաստատել Բաքվի հետ: «Երկաթուղու այն հատվածի անվտանգությունը, որ գտնվում է Ադրբեջանի գրավյալ տարածքներում, համատեղ ուժերով կարող են երաշխավորել Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը` Եվրամիության օժանդակությամբ», - նշված է փաստաթղթում:

Թուրք վերլուծաբանը նաեւ համոզված է, որ Նախիջեւանով անցնող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը լուրջ խթան կհանդիսանա սահմանամերձ առեւտրի զարգացման համար. - «Առեւտրի հիմնական կենտրոններ կարող են դառնալ Իրանին սահմանակից Ջուլֆա քաղաքն ու Թուրքիայում գտնվող Դիլուջու անցակետը»:

Վերջինի հեռանկարները թուրքական հիմնադրամի աշխատակիցները շատ բարձր են գնահատում: «Դիլուջուն, որն առավելապես հայտնի է «Հասրեթ Քափըսը» անվամբ, բացվել է 1992 թվականի մայիսին եւ կենսական նշանակություն ունի շրջափակված ադրբեջանական անկլավի համար: Նախիջեւանի եւ Թուրքիայի ցամաքային կապն ապահովող այս միակ անցակետը, որն ի սկզբանե Թուրքիայում ընկալվում էր որպես դարպաս դեպի Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա, այսօր փակուղի է տանում», - նշում են զեկույցի հեղինակները` հավելելով. - «Դիլուջուն կարող է միջպետական քառակողմ առեւտրի կենտրոն դառնալ` Թուրքիայի, Իրանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի պատրաստած այս առաջարկում անդրադարձ կա նաեւ հարցի քաղաքական կողմին: Թուրքական վերլուծական կենտրոնի մասնագետները հստակ նշում են, որ Թուրքիան տարիներ շարունակ Նախիջեւանում լուրջ ազդեցություն է ունեցել եւ դրանից հրաժարվելու որեւէ ցանկություն չունի:

«Հայ - թուրքական արձանագրությունները վերահաստատում են Կարսի պայմանագրի վավերականությունը: Այդ պայմանագրի հինգերորդ հոդվածով հստակեցվում էր Նախիջեւանի կարգավիճակը, եւ այդ տարածքի համար անվտանգության երաշխիքներ էին սահմանվում», - նշում է Բուրջու Գյուլթեքին Փունսմանը` հավելելով. - «[Հայ - թուրքական կարգավորման] գործընթացն է, որ ի վիճակի է օժանդակել Նախիջեւանի ապաշրջափակմանը, հետագայում նաեւ պայմաններ ստեղծելով Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ընդգրկելու համար»:

Փունսմանը նաեւ պնդում է, թե Հայաստանի կողմից Նախիջեւանի ապաշրջափակումը կարող է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում վստահության մթնոլորտ ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG