Մատչելիության հղումներ

Թուրք լրագրողը հերքում է իրեն վերագրվող հայտարարությունը


Նագեհան Ալչե
Նագեհան Ալչե

Լեռնային Ղարաբաղ ժամանած` Ստամբուլում լույս տեսնող «Աքշամ» թերթի լրագրող Նագեհան Ալչեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց մամուլում վերջին երկու օրերին տարածված` իրեն վերագրվող հայտարարությունը:

Ալչեի հավաստմամբ` ինքը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի ասել, որ Լեռնային Ղարաբաղը «բացառապես, հարյուր տոկոսանոց հայկական տարածք է»: «Ես ասել եմ, որ այսօր սա հայկական հող է, հայկական երկիր է, հայկական կառավարություն է, որովհետեւ այստեղ մոտավորապես հարյուր տոկոսը հայեր են ապրում», - նշեց թուրք լրագրողը` պնդելով, թե տեղական հեռուստաընկերությունը չի ներկայացրել իր խոսքերում ամենակարեւոր բառը` «հիմա»-ն, եւ չի ընդգծել, թե լրագրողը որ ժամանակն է օգտագործել տարածքների մասին խոսելիս:

«Ես ասել եմ, որ եկել ենք տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ, ու դա լուսաբանենք: Ու իմ կարծիքով, ինչ որ մենք տեսել ենք` այսօրվա դրությամբ այս տարածքները հայկական տարածքներ են այն իմաստով, որ այստեղ կառավարությունը հայկական է ու բնակչության մոտավորապես հարյուր տոկոսը հայեր են: Հետեւաբար, չնայած սա չճանաչված` բայց այսօրվա դրությամբ հայկական կառավարություն է», - շեշտեց Նագեհան Ալչեն:

Արցախի հանրային հեռուստաընկերությունից տվյալ ռեպորտաժի պատճենը ստանալու` «Ազատություն» ռադիոկայանի փորձերը առայժմ արդյունք չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG