Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը` հանրապետական


Տիգրան Սարգսյանը «Պանարմենիան ԷՔՍՊՕ» ցուցահանդեսի բացման ժամանակ, 23 հոկտեմբերի, 2009
Տիգրան Սարգսյանը «Պանարմենիան ԷՔՍՊՕ» ցուցահանդեսի բացման ժամանակ, 23 հոկտեմբերի, 2009

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգրկվել է իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրապետականի մամլո խոսնակ եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, վարչապետի` ավելի վաղ ներկայացրած դիմումին օրերս հավանություն է տվել կուսակցության ղեկավար մարմինը:

Հանրապետական կուսակցությունը գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչն է, վարչապետի պաշտոնը նրան երաշխավորել է Հանրապետականի խորհուրդը, ուստի «նրա հանրապետական դառնալու մեջ որեւէ զարմանալի բան չկա»:

Հանրապետականի կանոնադրության համաձայն, նշեց Շարմազանովը, ցանկացած քաղաքացի իրավունք ունի, ծանոթանալով կուսակցության գործունեությանը եւ ծրագրերին, կուսակցությունում ընդգրկվելու դիմում ներկայացնել:

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններում այլ կարծիքներ կան։ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով, 2010-ի պետբյուջեի քննարկումների թեժ մթնոլորտը ցույց տվեց, որ տնտեսական ճգնաժամի եւ կառավարության հասցեին հնչող քննադատությունների այս փուլում Տիգրան Սարգսյանին պարզապես անհրաժեշտ է իր համար քաղաքական հենարան ստեղծել։

«Հասկանալով, որ քաղաքական հենարանի պակասը խանգարում է ոչ միայն խորհրդարանի հետ աշխատելուն, այլ նաեւ ազդում է կառավարության կայունության վրա եւ ավելի է ակտիվացնում խոսակցությունները կառավարության հնարավոր հրաժարականի մասին, վարչապետի այս քայլը, նպատակ ունի երկարացնել կառավարության գոյությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նռանյանը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը տրամաբանական համարեց վարչապետի քայլը, սակայն, նշեց, որ որեւէ կուսակցությանն անդամակցությունը, այդ թվում նաեւ Հանրապետականին, չի կարող պաշտոնյային ապահովագրող գործոն դառնալ, եթե նա չի վայելում երկրի նախագահի աջակցությունը։

«Տիգրան Թորոսյանի օրինակը բոլորիս համար ակնհայտ է. հին հանրապետական, կարկառուն հանրապետական, բայց մի պահ զրկվեց նախագահի բարեհաճությունից եւ արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց», - որպես օրինակ նշեց Մարտիրոսյանը։

Հանրապետական խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը, սակայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը՝ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու մասին, բացատրեց միայն կուսակցության նկատմամբ ունեցած լուրջ վերաբերմունքով։

«Ես ինքս էլ Հանրապետականի հետ համագործակցել եմ մոտ 2-3 տարի, նոր կողմնորոշվել եմ կուսակցության անդամ դառնալ։ Այսինքն՝ պետք է լուրջ մոտենալ կուսակցության անդամությանը», - շեշտեց Սահակյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG