Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեքշաբթի օրը վարույթ հարուցեց դեղորայքային շուկայում գործող այն ընկերությունների նկատմամբ, որոնք սոցիալական նշանակության դեղորայքային խմբեր են ներմուծում Հայաստան, ինչպես նաեւ զբաղվում են դրանց իրացմամբ: Խոսքը, մասնավորապես, սիրտ-անոթային, հակավիրուսային եւ շաքարային դիաբետի համար օգտագործվող դեղերի մասին է:

Վարույթը կընդգրկի մրցակցային կանոններին հետեւյալ տնտեսվարողների վարքագծի համապատասխանության ուսումնասիրությունը` «Էսկուլապ», «Առգո Ֆարմ», «Աստերիա», «Ալֆա Ֆարմ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Արփիմեդ», «Արֆարմացիա», «Ամիկուս», «Լագի», «Դեղաբազա Երեւան», «Լագի», «Ռուս Ֆարմ», «Ռիխտեռ Լամբրոն», «Տոնուս Լես», «Ֆարմ Գոհար», «Աստերիա», «Ֆարմ Թրաստ», «Օրիենտ Ֆարմ» ընկերությունների, 19 տնտեսվարող սուբյեկտ` առավել խոշորները շուկայում: Վարույթի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ են պահանջվել ապրանքի ձեռք բերման եւ իրացման գների կառուցվածքի բաղադրիչների, գների փոփոխությունների պատճառների եւ հիմնավորումների վերաբերյալ, ինչպես նաեւ` պայմանագրերի եւ հաշիվ ապրանքագրերի պատճենները:

Բացի այդ, հանձնաժողովը դեղորայքի շուկայի համալիր ուսումնասիրություն է սկսում, որի ընթացքում, հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի փոխանցմամբ, կվերհանվեն ինչպես մրցակցությունը սահմանափակող երեւույթները, այնպես էլ պատճառները, ստվերային երեւույթները, նաեւ շուկայի մուտքի խոչընդոտները, կառուցվածքը եւ այլն:

Արմինե Ուդումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես հիմնավորեց հարուցված վարույթի անհրաժեշտությունը. - «Խնդիրն այն է, որ վերջին ժամանակահատվածում նկատվել են մրցակցության առումով մտահոգիչ երեւույթներ, այսինքն` գների բարձրացումներ, որոնք հիմք են տալիս [ենթադրել] նախնական ուսումնասիրությամբ, որ չհիմնավորված են այդ բարձրացումները, ինչպես նաեւ որոշ դեպքերում` դեֆիցիտային երեւույթներ, եւ ահա այդ ամենի հիման վրա հարուցվել են վարույթներ»:

Հարցին, թե ի՞նչ է սպառնում գները ոչ հիմնավոր կերպով բարձրացնող ընկերություններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղարը պատասխանեց. - «Եթե պարզվի, որ դա հակամրցակցային համաձայնության արդյունք էր, ապա հակամրցակցային համաձայնության մեջ մտած յուրաքանչյուր ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով տուգանք է նշանակվում»:

Բացի տուգանքից, ըստ Արմինե Ուդումյանի, խախտում թույլ տված ընկերությունը կամ ընկերությունները նաեւ խախտումը վերացնելու մասին հանձնարարություն են ստանում. - «Եթե խախտում կա, ապա այո` դա պետք է վերացվի: Եթե խախտումը գնի բարձրացմամբ է դրսեւորվել, ապա գինը պետք է իջեցվի հիմնավորվածության մակարդակի»:

Հանձնաժողովի նիստում քննարկվեց ոչ միայն դեղորայքային, այլեւ լայն սպառման ապրանքների շուկայում գոյություն ունեցող իրավիճակը, ուր Ամանորից առաջ շատ հաճախ տեղի են ունենում անհիմն թանկացումներ: Բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի, ձվի եւ շաքարավազի շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին հանձնարարվեց նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գների յուրաքանչյուր բարձրացման դեպքում երկօրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն գնի փոփոխության չափի, դրա պատճառների, հիմնավորումների կամ գնի փոփոխության անհրաժեշտություն առաջացնող այլ հանգամանքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG