Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 17-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ մենք մեզ մեջ ենք գցում Վուդրո Վիլսոնով եւ Սեւրի պայմանագրով, դա աշխարհում լուրջ չի ընկալվում, դա ոչ թե ուժեղացնում է, այլ թուլացնում է մեր պետության միջազգային դիրքերը: Եվ Ղարաբաղում մեր ժողովուրդը կռվում էր ոչ թե հանուն ինչ-որ «իրավարար վճռի» կամ «պատմական հայրենիքի վերանվաճման», այլ հանուն մեր հայրենակիցների անվտանգության եւ ապրելու իրավունքի: Նույն նկատառումներով մենք չենք ուզում, որ Ադրբեջանը երբեւէ վերահսկի մեր հայրենիքի այդ մասը: Սա աշխարհի համար միանգամայն ընդունելի եւ հասկանալի դիրքորոշում է: Մնացածը երազանք է, պատրանք, գուցե նաեւ՝ քարոզչություն, բայց քաղաքականություն չէ: Այսպես եմ ես գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը: Ո՞վ ասաց, որ ցնորքների հետեւից գնալը «ազգային» է, իսկ իրականությանը ուղիղ նայելը՝ «ապազգային»: Գուցե հակառա՞կը: Համենայնդեպս, մեր, եւ ոչ միայն մեր, ժողովրդի փորձը, կարծես թե, ցույց է տալիս, որ ազգը կորուստներ է ունենում հենց այն ժամանակ, երբ նրա վերնախավը կտրվում է իրականությունից»:

«Ազգ»-ը Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին զրուցել է Գալուստ Սահակյանի հետ: Նա ասում է. - «Տեղյակ եմ ե՛ւ ելույթից, ե՛ւ դրան տրված տարբեր քաղաքական գնահատականներից: Չէի ցանկանա այդ հարցին անդրադառնալ, բայց գնահատականս հետեւյալն է. եթե մի ուրիշ երկրում ապրեինք, երբ ընդդիմությունն ընդդիմություն է, դիմությունը` դիմություն, եւ փոխհարաբերությունների ինչ-որ դաշտ է ստեղծված, իհարկե դրական գնահատական կլիներ, բայց իմ կարծիքով` դա հերթական խաղ է, թեպետ եւ շատ գրավիչ մասեր կան` կապված երկրի նախագահի անձի հետ, բայց չեմ կարծում, որ դա էդպես լուրջ քաղաքական ընկալումների եւ հետեւություններ անելու զեկույց կամ ելույթ է: Դժվար է այս պահին գնահատել, տարբեր մեկնաբանություններ կարող են լինել` կարող է եւ խայծի տպավորություն թողնել. ընդդիմադիր խմբավորումներ կան, չէ՞, որ ասում են` ներկայիս իշխանությունները համագործակցում են ՀԱԿ-ի հետ: Իհարկե, ես դրական կգնահատեի, եթե բաց համագործակցություն լիներ կամ խոսք գնար այդ մասին, իսկ փակ համագործակցություն բնավ չունենք որեւէ ձեւով»:

«Ժամանակ»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանին հարցնում է. - «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները որքանո՞վ են անշրջելի, Սերժ Սարգսյանը կարո՞ղ է հետ կանգնել այլեւս իր նախաձեռնողական շրջանակներից դուրս եկող պրոցեսներից»: Աշոտ Սարգսյանը պատասխանում է. - «Չպետք է պատկերացնել, թե խնդրո առարկա հարցերը լուծվում են միայն ուժերի հարաբերակցության դիրքերից: Այդ դեպքում միջազգային հանրություն - Հայաստան ուժերի հարաբերակցությունը գուցե ավելին է, քան հազարը մեկին, եւ ամենեւին կարիք չէր լինի համբերատար ու հետեւողականորեն աճեցնել հենց այսպիսի՝ ոչ լեգիտիմ, խոցելի նախագահ՝ հարցերն իրենց ուզած ձեւով լուծելու համար: Անշուշտ, եթե նախորդ նախագահական ընտրությունները անցնեին նորմալ, եւ Հայաստանը ունենար լեգիտիմ եւ ուժեղ նախագահ, վերջինս կարիք չէր ունենա Ցեղասպանություն ուրացման քայլ կատարելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում հաստատ կարող էր ձեռք բերել հնարավոր առավելագույնը: Ի՞նչ է հնարավոր փրկել հիմա, եթե հրաշքով նման բան տեղի ունենա: Դժվար է թվաբանական ճշգրտությամբ ասել, բայց որ, եթե ոչ ամբողջը, ապա շատ բան կարելի է փրկել, դա կասկածից վեր է: Ափսոս, որ խոսքը, ըստ էության, հրաշքի մասին է»:

«Հայկական ժամանակ»-ը ներկայացրել է Փաստահավաք խմբի զրույցը Ոստիկանության զորքերի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Արթուր Դաստակովի հետ, որ տեղի է ունեցել ապրիլի 21-ին: «Իր ղեկավարած խմբի ստեղծման պատճառը ինքը՝ Դաստակովը ձեւակերպել է հետեւյալ կերպ. «Մեր զինվորները փետրվարի 22-ից կաշկանդված էին ծառայություն տանում, եւ մենք պետք է հետեւեինք, թե ինչպես են ծառայություն իրականացնում»: Խմբի անդամներին, որոնք ոստիկանի համազգեստով են եղել, հրահանգվել է՝ փոխել իրենց հանդերձանքը եւ հագնել զինվորական՝ առանց տարբերանշանների կամուֆյլաժներ: «Ավտոմատները ես եմ ստացել եւ իմ ծառայողական մեքենայով տարել եմ Կառավարության շենքի մոտ ու բաժանել», - պարզաբանել է Դաստակովը: Նա նաեւ հաստատել է, որ օրենքով նախատեսված կարգով որեւէ կերպ չի գրանցվել, թե ում՝ ո'ր ինքնաձիգն է տրվել: Հետեւաբար, այդ զենքերով կատարված սպանությունները ոչ ոք չի կարող նույնականացնել, քանի որ նույնականացնելու համար անհրաժեշտ է նախ իմանալ, թե տվյալ համարի զենքը կոնկրետ ում է ամրակցված եւ ով է այն օգտագործել: Իսկ Դաստակովի ներկայացրած տարբերակով, նրա խմբի անդամներին գործնականում իրավունք է տրված եղել անարգել սպանել, քանի որ նրանց զինվելու փաստը որեւէ կերպ չի արձանագրվել»:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Ընդհանրապես երբեմն Եվրախորհրդի բանաձեւերը մեկնաբանելիս թյուր կարծիք է ձեւավորվում, թե Խորհրդարանական վեհաժողովը իր բանաձեւերով մեզ պարտադրում է «Ա1+»-ին անհապաղ եթեր տրամադրել։ Եվ շատ դեպքերում այդպես էլ մատուցվում է։ Այնինչ Վեհաժողովը երբեք նման պահանջ չի ներկայացրել, որովհետեւ դա կլիներ անօրինականության գագաթնակետ։ Նույնը, ի դեպ, եվրոպական դատարանի հայտնի որոշման պարագայում է. փորձ է արվում խնդիրը այնպես ներկայացնել, թե դատարանը իրավասու մարմնին պարտադրում է «Ա1+»-ին անպայման եթեր վերադարձնել, իրականում նման բան չկա եւ չէր էլ կարող լինել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG