Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը արձագանքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին


Հայաստան -- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ, Երեւան, 20-ը մարտի, 2008թ.
Հայաստան -- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ, Երեւան, 20-ը մարտի, 2008թ.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեգնանքով է արձագանքել անցած շաբաթ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում իր քաղաքական հակառակորդի` Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին:

Քոչարյանը, ով նախագահի լիազորությունները վայր դնելուց ի վեր հազվադեպ է հանդես գալիս հրապարակային ելույթներով եւ մեկնաբանություններով, «Մեդիամաքս» գործակալությանը հղած հայտարարությունում, մասնավորապես, ասել է. - «Տեր-Պետրոսյանի մենտորությունն ու ինքնասիրահարվածությունը ծանր տպավորություն է թողնում»:

Նոյեմբերի 11-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը «անտեղի» էր համարել Սերժ Սարգսյանի դեմ ուղղված «հայդատական քննադատությունը»` հայտարարելով, որ հիշյալ ուժերի կողմից Հայաստանի այժմյան նախագահին վերագրվող սխալ քայլերը` Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից հրաժարումը, Հայոց ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին համաձայնություն տալը եւ հայ-ադրբեջանական բանակցություններից Ղարաբաղի դուրս մղումը, կատարվել են Քոչարյանի օրոք:

«Իմ հասցեին արած մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չկա կանգ առնել դրանց բովանդակության վրա՝ դրա իսպառ բացակայության պատճառով», - իր պատասխան մեկնաբանությունում ասել է Քոչարյանը` հավելելով, թե ընդդիմության առաջնորդի բոլոր ելույթներում իր անվան հիշատակումների փաստը հիշեցնում են մի քանի ամիս առաջ Աֆրիկայում որսի ժամանակ իրեն հանդիպած մի եվրոպացու, ով աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի` առյուծների, ընձառյուծների, ցլերի եւ փղերի ուժի, ճարպկության եւ վտանգավորության մասին տարբեր պատմություններին ամեն անգամ հոգոցով արձագանքել է, թե իր համար ամենավտանգավոր եւ ուժեղ կենդանին արջն է, որը «5 տարի առաջ որսի ժամանակ նրան բավական ջարդել է»:

Քոչարյանը, սակայն, որեւէ կերպ չի հստակեցրել իր դիրքորոշումները հայ-թուրքական հաշտեցման կամ ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ:

«Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»,- իր հայտարարությունում կարծիք է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG