Մատչելիության հղումներ

Եվրամիությունը բանաձեւ կընդունի Բելառուսի վերաբերյալ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը Եվրամիությունը բանաձեւ կընդունի Բելառուսի վերաբերյալ, որով, մի կողմից, կերկարաձգի պաշտոնական Մինսկի նկատմամբ ընդունված պատժամիջոցները, մյուս կողմից՝ ուժի մեջ կթողնի դրանց մեծ մասը սառեցնելու որոշումը։

2006 թվականին, միջազգային դիտորդների գնահատականով` կեղծված նախագահական ընտրություններից հետո, Եվրամիությունը որոշել էր պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Մինսկի նկատմամբ, այդ թվում՝ սահմանափակել ավելի քան չորս տասնյակ բելառուս պաշտոնյաների մուտքը Եվրոպա։ Անցած տարվա ռուս - վրացական կարճատեւ պատերազմից հետո, սակայն, այդ պատժամիջոցները մասամբ սառեցվեցին, եւ, ինչպես հաղորդում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահտո Լոբյակասը, այժմ եվրոպական ընտանիքը մտադիր է պահպանել Բելառուսի հետ հարաբերություններում հաստատված ստատուս-քվոն։

«Մի կողմից, պատժամիջոցները կմնան ուժի մեջ, մյուս կողմից՝ կպահպանվի դրանց մեծ մասը սառեցնելու որոշումը, ինչը կնշանակի, որ մենք ե'ւ քաջալերում ենք, ե'ւ ընդունում, որ դեռեւս շատ քիչ բան է արվել անհրաժեշտ բարեփոխումները իրականացնելու ուղղությամբ», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները։

Եվրամիության արտգործնախարարների հայտարարությունը, մասնավորապես, քաջալերում է պաշտոնական Մինսկին՝ մի շարք քաղաքական բանտարկյալների ազատ արձակելու համար, ինչպես նաեւ ողջունում է նախագահ Լուկաշենկոյի մտադրությունը՝ խոսքի ազատության վիճակն ու ընտրական համակարգը բարեփոխելու վերաբերյալ։ Մյուս կողմից, փաստաթուղթը ընդգծում է, որ անհրաժեշտ է առավել մեծ ջանքեր գործադրել ժողովրդավարության ուղղությամբ, պաշտպանել մարդու իրավունքները, մասնավորապես, դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող ճնշումներն ու բռնությունները։

«Ես հույս ունեմ, որ Բելառուսը կօգտվի իրեն ընձեռված այս հնարավորությունից, եւ որ այս բարեփոխումների ծրագրերը իսկապես կխթանեն ժողովրդավարությունը երկրում», - երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի գծով գլխավոր հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Բելառուսական ընդդիմությունը, ինչպես նաեւ Եվրամիության անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ, սակայն, քննադատում են Բրյուսելի այս մոտեցումը, պնդելով, թե պաշտոնական Մինսկը անկեղծ չէ բարեփոխումների մասին հավաստիացումներում:

«Մենք առաջարկում ենք՝ եկեք սպասենք մինչեւ հաջորդ տարի նախատեսված տեղական կառավարման մարմինների ընտրությունները, որոնք իրականում կարող են հստակ ի ցույց դնել՝ ինչ է կատարվում իրականում բարեփոխումների ուղղությամբ», - հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Անատոլի Լեւկովիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG