Մատչելիության հղումներ

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկուշաբթի բավարարեց «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության, որը հրատարակում էր «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատավորը, մասնավորապես, որոշեց հօգուտ «Գինդ» տպարանի «Օգոստոս» գործակալությունից բռնագանձել մոտ 2 միլիոն 6 հարյուր հազար դրամ: Բացի այդ, դատարանը վճռեց արգելել «Չորրորդ իշխանության» հրատարակումը այնքան ժամանակ, քանի դեռ «Գինդ» տպարանի պարտքը չի վճարվել:

«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկին պնդեց, որ «Չորրորդ իշխանություն» թերթը «Գինդ» տպարանին պարտք չէ, եւ չեն վճարելու պահանջված գումարը: Շողեր Մաթեւոսյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, իսկ հետո նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Ես պնդում եմ, որ սա իշխանությունների կողմից իջեցված վճիռ էր, որը ինքը [դատավորը] բերեց ու հրապարակեց ընդամենը», - ասաց Շողեր Մաթեւոսյանը` հավելելով, որ թերթը շարունակելու է աշխատել, ուղղակի «Չորրորդ իշխանությունը» կշարունակի լույս տեսնել «Չորրորդ ինքնիշխանություն» անունով:

«Չորրորդ իշխանության» թերթը «Չորրորդ ինքնիշխանություն» անունով է լույս տեսնում արդեն մեկ շաբաթ` սկսած նոյեմբերի 10-ից, երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցներն այցելել էին «Չորրորդ իշխանություն» օրաթերթի խմբագրություն եւ ներկայացրել էին համապատասխան որոշում` թերթի հրատարակումը արգելելու մասին:
XS
SM
MD
LG