Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյան. «Չեմ ուզում հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է հանձնվել ՀՀՇ-ին»


Հրանտ Մարգարյան
Հրանտ Մարգարյան
Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կիրակի օրը Փարիզում` հայ - թուրքական արձանագրությունների դեմ «ՈՉ»-ի հանրահավաքում ունեցած ելույթում «հերթական տերպետրոսյանական արկածախնդրություն» է որակել Հայաստանի առաջին նախագահի նոյեմբերի 11-ի ելույթը:

«Ես չգիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ կուլիսների հետեւում հասե՞լ է համաձայնության Սերժ Սարգսյանի հետ եւ հրապարակով հայտարարվածը ուղղակի ձեռք բերված համաձայնության դրսեւորո՞ւմն է, թէ ոչ։ Թերեւս սա հերթական տերպետրոսյանական արկածախնդրությունն է», - հայտարարել է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը:

Նա ուշադրություն է հրավիրել Տեր-Պետրոսյանի ելույթի մի քանի հաստատումների վրա. - «Արձանագրում է փաստը, եւ ըստ էության հայտնում է իր գոհունակությունը, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման այսպիսի արձանագրություններ՝ հեռանում է 1998 թվականի իշխանափոխությամբ սկիզբ առած ազգային ուղեգծից։ Ներկայացնում է ազգային ուժերի, ի մասնավորի Դաշնակցության վտանգը Սերժ Սարգսյանի իշխանության համար եւ թվում է թե առաջարկում է համագործակցություն։ Բայց իրականում, իրեն բնորոշ մեծամտությամբ նախագահ Սերժ Սարգսյանին, այսպես ասած՝ թույլ է տալիս հանձնվել իրենց, Դաշնակցությունից եւ մյուս ազգային ուժերից պաշտպանվելու եւ իշխանության դիրքը ձեւականորեն պահպանելու համար։ Կրկին անգամ հայ հասարակությունը տարանջատելով իրատեսականների եւ հայդատականների` աշխարհի բոլոր նախկին մեղքերը վերագրում է Դաշնակցությանը եւ մյուսներին, փորձելով իրեն եւ նախագահ Սերժ Սարգսյանին զերծ պահել պատասխանատվությունից»։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրանք է ներկայացնում մեզ արձանագրությունների դեմ պայքարը ռեալ քաղաքականությունից գաղափարական դաշտ տեղափոխելու համար», - նշել է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը` համոզմունք հայտնելով, որ «հայ - թուրքական հարաբերություններում Դաշնակցության հավասարակշռված, հիմնավոր եւ սկզբունքային դիրքորոշումը եւ դրան հետեւած քաղաքական քայլերը ծանր կացություն էին ստեղծել ընդդիմության ղեկավարությունը ստանձնած ՀՀՇ-ի համար»։

«Երկրում ձեւավորվում էր նոր ընդդիմադիր դաշտ, որն ուներ ամուր գաղափարական հիմք, հավասարակշռված եւ ծանրակշիռ քաղաքական ուժի հեղինակություն, կայուն եւ հավատարիմ ընտրազանգված։ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ արտաքին աշխարհի պատվերը կատարելու, նրան դուր գալու, հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման փաստորեն սատարելու քաղաքականությունը հակասության մեջ էր մտնում իր ընտրազանգվածին բավարարելու խնդրի հետ։ Դաշնակցության վճռական քայլերը, արձանագրությունները չստորագրելուն ուղղված շարժմանը հասարակության լայն աջակցությունը, մեկուսացման եւ առաջնորդի լուսապսակի կորուստի իրական վտանգ էին ստեղծել վերջինիս համար», - ասել է Հրանտ Մարգարյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են Դաշնակցության բյուրոյի մամլո դիվանից: - «Հետաքրքիր է, ամիսներ շարունակ, մեզ պասիվության մեջ մեղադրող, կեղծ ընդիմություն որակող ու միաժամանակ սպառնալիքներով համագործակցության հրավիրող ՀՀՇ-ն չմիացավ սկսվող շարժմանը, գերադասելով քայլել առանձնաբար։ Չմիացավ, հիանալի գիտակցելով, որ թեեւ տարբեր նպատակադրումով՝ բայց նույն իշխանության դեմ ընթացող պայքարը իրենց շահերից պիտի բխեր։ ՀՀՇ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախընտրեց քաշվել հրապարակից, պասիվանալ, միայն ու միայն մի նպատակով՝ փրկել արձանագրությունները, թեկուզեւ Սերժ Սարգսյանին պահպանելու գնով»::

«Չեմ ուզում հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է վերջնականորեն հրաժարվել 1998 թվականի իր իսկ մասնակցությամբ որդեգրված ազգային ուղեգծից, հոկտեմբերի 10-ի իր հրապարակած ուղերձից, վերջնականապես երես թեքել իր թիմակիցներից եւ հանձնվել ՀՀՇ-ին, դժվար է պատկերացնել, բայց ամեն ինչ առջեւում է` «կապրենք՝ կտեսնենք», - հայտարարել է Հրանտ Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG