Մատչելիության հղումներ

Բագրատ Ասատրյանը դրամի հետագա արժեզրկում է կանխատեսում


Հայաստանյան բանկերը ներկայումս գերադասում են ավելի շատ վարկեր տրամադրել արտարժույթով, մասնավորապես, ԱՄՆ-ի դոլարով, ինչը, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, վկայում է այն մասին, որ Հայաստանի գործարար միջավայրը սպասում է դրամի հետագա արժեզրկմանը:

Ասատրյանի խոսքով, բանկերը նույնպես կանխատեսում են, որ դրամի արժեզրկումը կշարունակվի, ուստի վարկերը տալիս են դոլարով, որպեսզի կորուստներ չկրեն. - «Բացեք բանկերի վարկային պորտֆելը. մենք տարի մտել ենք, երբ որ պորտֆելում մեծամասնությունը կազմում էին դրամային վարկերը, իսկ ապրիլ-մայիսից հետո արդեն մեծ տեսակարար կշիռը կազմում են դոլարային վարկերը: Ես կարծում եմ այսօր պորտֆելը մոտավորապես 55-45, 57-43 տոկոս է կազմում` հօգուտ դոլարի, այն պարագայում, որ տարին մենք մտել էինք ճիշտ հակառակ հարաբերակցությամբ»:

Դրամի կտրուկ արժեզրկում` ինչպես այս տարվա մարտի 3-ին տեղի ունեցածը, երբ մեկ օրում դրամն արժեզրկվեց 20-25%-ով, ըստ ԿԲ-ի նախկին նախագահի, չի ակնկալվում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասաց. - «Կարծում եմ` այն, ինչ որ ունեցել ենք այս տարվա մարտ ամսին` նման իրավիճակ չի լինելու: Իհարկե, ինձ էլ է անհանգստացնում Կենտրոնական բանկի կրկին միջամտությունը արժութային շուկայում, որը Կենտրոնական բանկը չպետք է անի, բայց նաեւ ես հասկանում եմ, որ իրավիճակը որակապես այլ է»:

Բագրատ Ասատրյանի պարզաբանմամբ, ի տարբերություն անցած աշնանը առկա իրավիճակի, որն ի վերջո հանգեցրեց դրամի նման կտրուկ արժեզրկմանը, այս տարի Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը պակաս մտահոգիչ է։ Տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ներմուծումը կրճատվել է մոտ 1 միլիարդ դոլարով, ինչը նշանակում է, որ արժութային շուկայում ճիշտ այդքանով նվազել է դոլարի նկատմամբ եղած պահանջարկը եւ թուլացրել է դրամի նկատմամբ եղած ճնշումը։ Ըստ Ասատրյանի, սա հարցն արմատապես չի լուծել, դրա համար էլ Կենտրոնական բանկը շարունակում է դոլար վաճառել` պահելու դրամի փոխարժեքը։ «Սակայն դա ելք չէ», - եզրակացրեց Բագրատ Ասատրյանը:

Կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության պետ Արթուր Նախշիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, նշելով, որ Կենտրոնական բանկը, որպես կանոն, չի մեկնաբանում դրամի փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումները եւ հանդես չի գալիս կանխատեսումներով, հետեւյալ պարզաբանումները տվեց Կենտրոնական բանկի նախկին նախագահի հնչեցրած տեսակետների վերաբերյալ. - «Եթե բանկերը սպասում են արժեզրկում, տրամաբանական է, որ իրենք ընդհանրապես վարկեր չտան: Այդ դեպքում ինչո՞ւ են իրենք դրամով վարկեր ընդհանրապես տալիս»:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նաեւ ավելացրեց, թե բանկերի նման վարքագիծը հասկանալու համար պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջին շրջանում բանկերը ավելի շատ ավանդներ են վերցնում արտարժույթով, ուստի տրամաբանական է, որ արտարժույթով ավելի շատ են վարկավորելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG