Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները հաստատակամ են բարեփոխումների հարցում


Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շարունակում է պաշտպանել քրդական շրջաններում բարեփոխումներ նախատեսող ծրագիրը։ «Մենք պատրաստ ենք զոհել մեր բոլոր պաշտոններն ու վայր դնել մեր տիտղոսները՝ հանուն այն մեկ կաթիլ արյան, որ կարող են կորցնել մեր զինվորները», - ըստ «Անադոլու» գործակալության, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախաձեռնությունը Թուրքիայի քաղաքացիներին ներկայացնելու համար, Էրդողանի խոսքով, կառավարությունը մտադիր է մինչեւ հաջորդ գարուն քննարկումներ, հավաքներ եւ գագաթնաժողովներ կազմակերպել։

«Ընդդիմադիր դաշտից հնչող մեղադրանքները անհիմն են եւ սուտ», - հայտարարել է Էրդողանն ու ընդգծել. - «Մարդիկ կան, որոնք օգուտներ են քաղում արյունալի մարտերից եւ դրանք ծառայեցնում իրենց քաղաքական շահերին, մինչդեռ մենք մեր վստահությունը ստանում ենք ժողովրդից եւ մտադիր ենք շարունակել այս քաղաքականությունը»։

Օրեր առաջ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց բարեփոխումների ծրագիրը, որի համաձայն, քրդերի դեմ երկարամյա պատերազմից հետո այժմ Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերացնել քրդերեն լեզվի օգտագործման բոլոր սահմանափակումները, ստեղծել անկախ մարմին՝ «անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնությունները հետաքննելու եւ խտրականության դեմ պայքարելու համար»։

Կառավարության ընդդիմախոսները, մինչդեռ, քննադատում են այս նախաձեռնությունը՝ պնդելով, թե իշխանությունները չափազանց մեծ զիջումներ են անում քրդերին եւ վտանգում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG