Մատչելիության հղումներ

logo-print

«Խոզի գրիպի» տարածման դեպքում անգամ Հայաստանում «լուրջ բարդություններ չեն լինի»


Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը շաբաթ օրը հայտարարեց, որ նույնիսկ H1N1 վարակի տարածման դեպքում Հայաստանի կլիմայական պայմաններում «լուրջ բարդություններ չեն լինի»։

«Հիմնականում այս հիվանդությունից՝ գրիպից, մահանում են, եթե զարգանում է թոքաբորբ։ Մահացածների 99 տոկոսը թոքաբորբից է մահացել», - լրագրողների հետ հանդիպմանը շաբաթ օրը ասաց Ասոյանը՝ շարունակելով. - «Թոքաբորբը մեր երկրի պայմանների համար բնորոշ չէ։ Մեզ մոտ միշտ, երբ եղել է գրիպի համաճարակ, թոքաբորբի զարգացումը որպես բարդություն, եղել է մի քանի անգամ ավելի նվազ, քան այլ երկրներում։ Հիմնականում դա բնորոշ է խոնավ, բարձր խոնավություն ունեցող երկրներին»։

Իսկ գրիպի դեմ դեղորայքը դեղատներից «սրբելու» միտումը երկրի գլխավոր համաճարակաբանը համեմատեց պսիխոզի հետ. - «Վիճակը պսիխոզի է հասնում։ Մարդիկ «Տամիֆլյու» են փնտրում, մարդիկ դիմակներ են փնտրում… Ես ուզում ասել՝ այս գրիպի դեպքում «Տամիֆլյու»-ն նշանակվում է միայն ծանր, սպառնացող հիվանդներին։ Սա, ըստ տրված ստատիստիկայի, մոտ երեք տոկոսն է»։

Առողջապահության նախարարության բուժվարչության պետ Վահան Պողոսյանը, ով մասնակցում էր ասուլիսին, ասաց, թե դեղատներում դիմակ փնտրելու փոխարեն հարկավոր է գրիպի ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություններ, որտեղ շուրջօրյա հետազոտություն է իրականացվում։

Ի պատասխան դիտարկմանը, որ դեղատներում շոշափելիորեն բարձրացել են գրիպի դեմ օգտագործվող դեղամիջոցների գները՝ Վահան Պողոսյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ առաջարկելով մոնիտորինգի ենթարկել իրավիճակը։ Եվ եթե դրա արդյունքում հաստատվի ներկրողների ու դեղատների տերերի՝ գերշահույթներ ապահովելու միտումը, կկիրառվեն սանկցիաներ։

«Տուգանքներ, լիցենցիայից զրկում, ներկրման հետ կապված խնդիրներ։ Ընդհուպ մինչեւ նախարարը կարող է հրաման տալ եւ բոլոր այդ դեղերը դնի դեղատոմսի տակ», - մանրամասնեց Պողոսյանը։

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում շաբաթ օրվա դրությամբ, «խոզի գրիպի» եւս 5 կասկածելի դեպք կա։ Հետազոտման արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ։ Առայժմ պաշտոնապես հայտարարվում է հաստատված 11 դեպքի մասին. հիվանդներից 4-ը բուժված են, երեքը հիվանդանոցից դուրս են գրվել։ Մասնագետների հավաստմամբ, բուժումը տեւում է ընդամենը 5-6 օր, ծանր դեպքեր չեն արձանագրվել։

Հայաստանում վարակակիրների գերակշռող մեծամասնությունը Հայաստան է ժամանել Ռուսաստանից, որտեղ «խոզի գրիպով» հիվանդացության պաշտոնապես հաստատված շուրջ 3 հազար դեպք կա, մահացել է 5 հիվանդ։

Երեւան եկած վարակակիրներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Թուրքիայի։ Թուրքիայում «խոզի գրիպով» հիվանդների թիվն անցնում է 2000-ից, մահացածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իսկ Իրանի պարագայում միայն հայտնի է,որ դեպքերը ավելանում են։
XS
SM
MD
LG