Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն գազի գնի շուրջ բանակցությունները


Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հայտարարել է, որ Պաշտոնական Բաքուն եւ Անկարան հաջորդ շաբաթ կսկսեն բանակցությունների հերթական փուլը՝ Թուրքիային մատակարարվող ադրբեջանական գազի գինը որոշելու շուրջ:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը Աբդուլաեւը ասել է նաեւ, թե «կողմերը դեռեւս վերջնական համաձայնության չեն եկել, սակայն պայմանավորվել են շարունակել բանակցությունները»։

Մինչ օրս Թուրքիան ադրբեջանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վճարում էր 120 դոլար: Վերջին ամիսներին, սակայն, պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե այս գործարքը ձեռնտու չէ, եւ պահանջեց վերանայել մատակարարվող վառելիքի գինը։

Հայտարարությունները առավել խստացան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշեց, թե Ադրբեջանը տարիներ շարունակ Թուրքիային գազ է մատակարարել շուկայականից ցածր գնով եւ այժմ մտադիր է վերանայել այդ պայմանավորվածությունը։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG