Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 14-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը նոր մանրամասներ է ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից՝ նշելով, որ այդ ելույթի առաջին՝ արդեն իսկ հրապարակված հատվածին հաջորդել է անկեղծ զրույց. - «Քանի որ այդ անկեղծ զրույցը լսել են միայն նիստի մասնակիցները, ուստի այսօր ստեղծվել է մի վիճակ, որ նրանք, ովքեր նիստին ներկա են եղել, ոգեւորված ասում են, որ ամբողջությամբ գոհ են առաջին նախագահի ելույթից, իսկ նրանք, ովքեր կարդացել են միայն պաշտոնական ելույթը, իրենց մտահոգող որոշ հարցեր են բարձրացնում: Լեւոն Տեր-ՊԵտրոսյանը խոսել է իշխանությունների մասին՝ շեշտելով, որ նրանք անպայման հեռանալու են: Որեւէ բռնապետ երբեք հավերժ չի իշխել, ասել է առաջին նախագահը եւ հավելել, որ «սրանք բռնապետներ չեն, սրանք բռնապետիկներ են, ովքեր հարյուր տոկոսով հեռանալու են»: Ամբողջ խնդիրը, սակայն, ըստ առաջին նախագահի, այն է, որ «այդ բռնապետիկներին չփոխարինեն նոր բռնապետիկներ»: Իսկ դա թույլ չտալու համար, ըստ առաջին նախագահի, ստեղծված են բոլոր հիմքերը, եւ դա Շարժման այն կորիզն է, որը «մենք ամեն գնով պետք է փայփայենք»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե այն բանից հետո, երբ Սարգսյանը կհանձնի իրենից պահանջվածը՝ Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, նա այլեւս ոչ մեկին պետք չի լինի: Իսկ մինչ այդ, առաջին նախագահի խոսքերով, Սերժ Սարգսյանի ձեռքերը ազատ են թողնված եւ նրան թույլ են տվել երկրի ներսում անել ցանկացած բան՝ միայն թե նա լուծի այդ երկու հարցը: Առաջին նախագահը շեշտել է, որ Կոնգրեսը իրավունք չունի ռիսկի ենթարկել եւ փոշիացնել 20-30 հազարանոց ակտիվ քաղաքացիներից կազմված իր «կորիզը»: «Մենք դրան չենք գնալու, մենք թույլ չենք տալու, որ նոր մարտի 1 իրականացնեն», - ասել է առաջին նախագահը»:

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է «խոզի գրիպին»՝ հետեւյալ ամփոփումն անելով. - «Ես կհավատամ «խոզի գրիպի պանդեմիա» սարսափազդու աղետի գոյությանը միայն այն դեպքում, եթե ինձ ներկայացնեն վիճակագրություն, ըստ որի՝ «խոզի գրիպից» աշխարհում մահացել է ավելի շատ մարդ, քան՝ գրիպի որեւէ այլ տեսակից: Նման վիճակագրություն, որքան գիտեմ, չկա: «Խոզի գրիպը» ժանտախտ կամ խոլերա չէ, որի համաճարակները բռնկվում են ու հետո մարում: Գրիպը միշտ էլ մեր կողքին է, մանավանդ՝ ուշ աշնանը, երբ մարդիկ սովորություն ունեն հագնվելու սեզոնին ոչ համապատասխան: Իսկ թե ինչ հետեւանքների է բերում աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում սանձազերծած հիստերիան, դուք կարող եք համոզվել ցանկացած դեղատանը: Այստեղ «Տամիֆլյու» դեղամիջոցն արժե արդեն 17-18 հազար դրամ, որ մեր շարքային քաղաքացու համար անհասանելի գին է: Ես հեռու եմ այն մտքից, որ H1N1 վիրուսը գոյություն չունի: Ոչ էլ կոչ եմ անում չպաշտպանվել գրիպից, չլվանալ ձեռքերը, խմել ուրիշի բաժակից կամ համբուրվել ամեն մի պատահածի հետ: Ֆիզիկական հիգիենայի նորմերը միշտ էլ անհրաժեշտ է պահպանել: Խոսքն այն մասին է, որ վատ չէր լինի պահպանել նաեւ հոգեբանական հիգիենան»:

«168 ժամ» թերթը տեղեկացնում է թիվ 10 ընտրատարածքի շուրջ վերջին զարգացումների մասին՝ նշելով. - «Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով այդ ընտրատարածքի մյուս թեկնածուներին առաջարկում է ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի «հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի` 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին»: «Սրանով մենք նաեւ ցույց կտանք, որ մեզանից որեւէ մեկն «իշխանական պրոյեկտ» չի, կեղծ ձեւով չի ներկայանում ժողովրդին»,- հայտարարում է սույն դերասանը, որի կոչը փաստորեն ուղղված է մարքսիստ Դավիթ Հակոբյանին եւ Հմայակ Հովհաննիսյանին: Կոստանյանը, սակայն, «անձնազոհության» չի գնում. նա ոչ թե ինքնաբացարկ է հայտարարում, այլ առաջարկում է դա անել միասնաբար: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ «իշխանական պրոյեկտ» լինելու խարանից խուսափող Կոստանյանի հայտարարությունը տարածել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, որը, եթե պրոյեկտ էլ չէ, հաստատ իշխանական է: Թե ինչ են իշխանությունները ցանկանում բեմադրել, դժվար է ասել: Քանի որ ավելի դժվար է հավատալ, որ իշխանությունը թեկուզ հետին թվով հասկացել է Նիկոլ Փաշինյանին բնակության վայրի տեղեկանքի տրամադրումը մերժելու անհեթեթությունը, եւ մինչեւ թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը փորձում են ուղղել սխալը»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործը, որը վերջին մի քանի ամսվա ամենաաղմկոտ գործերից է, ցույց տվեց, որ պայքարելը ճիշտ է: Եթե հիշում եք, երիտասարդ աղջկա նկատմամբ նախ քրեական գործ էր հարուցվել սուտ մատնության մեղադրանքով, ապա՝ զրպարտության: Երեկ այդ պայքարը, կարելի է ասել, պսակվեց փոքրիկ, բայց լուրջ հաղթանակով՝ Մարիամի նկատմամբ քրեական գործը դատարան գնալու փոխարեն վերադարձվել է նախաքննության մարմնին: Կարծում ենք, այն անխուսափելիորեն փակվելու է, եւ իրավապահներն ընդունելու են, որ գործը սխալ է հարուցվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG