Մատչելիության հղումներ

Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Խաղաղ հավաքների ազատության» մոնիթորինգ-զեկույցը


Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Խաղաղ հավաքների ազատության» խորագրով մոնիթորինգ-զեկույցը, որն ընդգրկում է 2008-ի սեպտեմբերի 26-ից մինչեւ 2009-ի հունիսի 30-ը ընկած ժամանակատվածը: 2 փուլով անցկացված մոնիթորինգի ընթացքում դիտարկվել են ընդհանուր թվով ավելի քան 100 տարբեր բնույթ ունեցող հավաքներ:

Մոնիթորինգի առաջին փուլում դիտարկված 88 հավաքներից 34-ի դեպքում ոստիկանության կողմից եղել է էական միջամտություն, որը դրեւսորվել է երթի անցկացումը խոչընդոտելով, մասնակիցներին տվյալ վայրից ցրելով, 6-ի դեպքում ոստիկանները ուժ են կիրառել մասնակիցների նկատմամբ, դա եղել է ծեծկռտուքի, կոպիտ քաշքշուկի, ոստիկանության կողմից բերման ենթարկելու ձեւերով:

Մոնիթորինգի երկրորդ փուլում` Երեւանի ավագանու ընտրություններին նախորդած եւ հաջորդած շրջանում, դիտարկվել է 22 հավաք, որոնց գերակշիռ մասը եւս եղել է քաղաքական բնույթի: Դրանցից 8-ի դեպքում ոստիկանության կողմից էական միջամտություն է եղել, 4-ի դեպքում` ուժի կիրառում արձանագրվել:

«Մենք միակողանի ենք խոսում, հետեւաբար համագործակցություն չի ստացվում: Ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները պետք է չխուսափեն բանավեճերից ու սուր քննադատությունից, պետք է փորձեն իրենց փաստարկները բերել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան:

«Այս մոնիտորինգը դեռեւս ամբողջությամբ չի արտացոլում բռնության այն բոլոր դեպքերը, որին մենք ականատես ենք եղել ոչ միայն որպես դիտորդ, այլ որպես քաղաքացի», - «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Ամալյա Կոստանյանը` Հայաստանում “Խաղաղ հավաքների ազատության» վիճակը որակելով «տխուր»:

«Շատ տխուր է, որ իշխանությունները այնքան թույլ են, որ վախենում են մարդկանց բողոքից կամ ընդհանրապես այլակարծությունից», - ասաց նա:

«Այն, որ զեկույցի եւ այսօրվա քննարկման հիմնական թիրախը ՀՀ ոստիկանությունն է, բնական է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը` ընգծելով, թե «հարկադրաբար հանրահավաքը դադարեցնելու իրավունքը ամրագրված է օրենքով»:
XS
SM
MD
LG