Մատչելիության հղումներ

ՍԴՀԿ-ն չի կիսում Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների շուրջ


Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, չի կիսում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների շուրջ:

Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ակտիվի նիստի իր ելույթում խոսել էր Հայ դատի, պահանջատիրության վերաբերյալ՝ ընդգծելով, թե այդ ամենը «պետականազուրկ ազգին վայել դավանանք» է, եւ «պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի»:

ՍԴՀԿ-ն, մինդեռ, պահանջատիրության խնդիր դնում է, իսկ Հայոց ցեղասպանություն ճանաչման հարցը դիտարկում է իբրեւ նախապայման Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

«Կուսակցությունը բացառում է որեւէ դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ մինչեւ Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չընդունվի որպես մեծագույն հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Որից հետո արդեն չենք բացառում հարաբերությունների հաստատումը»:

Այս տարաձայնությունը, Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, իրենց չի խանգարելու «համագործակցել եւ մաս կազմել Հայ ազգային կոնգրեսին»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչությունը պահանջ դնի, որ Հնչակյան կուսակցությունը դուրս գա ՀԱԿ-ից, Սարգսյանը պատասխանեց. - «Կենտրոնական վարչությունը միշտ էլ իմացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները, տեղյակ է եղել, բայց այսօր այլ խնդիր ենք լուծում երկրում: Մենք պիտի առաջնորդվենք Հայաստան երկրի շահերով: Մենք ուզում ենք ունենալ ազգընտիր իշխանություն, մենք ուզում ենք ունենալ ժողովրդավար երկիր... Դա այն բարձր արժեքներն են, որի շուրջ մենք համագործակցում ենք ՀԱԿ-ի հետ եւ, կարծում եմ, որ ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը նման խնդիր առաջ չի քաշի»:

Լյուդմիլա Սարգսյանը, ի դեպ, չի կիսում այն մեկնաբանությունը, թե իր ելույթում Տեր-Պետրոսյանը իշխանություններին համագործակցության առաջարկ է արել: Առաջին նախագահը պարզապես հուշել է Սերժ Սարգսյանին, թե ինչպես խուսափել սխալներից. - «Դա հուշում էր, ոչ թե գործարք: Լեւոն Տեր-Պետրոսյանը անօրինական ընտրված իշխանության հետ երբեք չի կարող գործարքի գնալ: Եկեք բայց չբացառենք, որ եթե գա օրհասական պահը եւ մինչ այդ Սերժ Սարգսյանը անի ճիշտ քայլեր, միգուցեեւ այդ երկխոսությունը կայանա, եւ այդ ճանաչումը նա ժողովրդի կողմից ստանա»:

«Բոլոր այն քաղբանտարկյալները, որոնք այսօր անօրինական ձեւով գտնվում են բանտերում, նրանք անհապաղ պիտի ազատվեին դեռ տարի առաջ», - շարունակեց ՍԴՀկ-ի ղեկավարը: - «Եվ դրանով նա [Սերժ Սարգսյանը] պիտի փորձեր երկխոսության մեջ մտնել հայ ժողովրդի հետ, որը նա չարեց: Ես կարծում եմ, որ այսօր էլ նա այդ հնարավորությունը՝ շատ ուշացած, բայց ունի, որը կարող է ի կատար ածել այսօր: Հակառակ դեպքում նա վերջնականապես կորցնում է իր հնարավորությունը երկրում ժողովրդի կողմից ճանաչված նախագահ լինելու»:

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները չի կիսում նաեւ «Հայ կամավորականների համախմբում» շարժումը, որի ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը առայժմ զերծ մնաց մեկնաբանություններից՝ նշելով, որ Տեր-Պետրոսյանի ելույթը առաջիկա օրերին քննարկելու են իրենց ակտիվի ժողովում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG