Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ավարտվում է նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումը


Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ավարտում է հունվարի 17-ին նշանակված նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների գրանցումը։

Թեեւ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնորդների թիվը անցնում էր 80-ից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանցից շատերին չի գրանցել՝ պահանջվող 2 միլիոն գրիվեն (մոտ 300 հազար դոլար) գրավը չմուծելու պատճառաբանությամբ։ Այսպես, ցուցակից դուրս է մնացել նախորդ երկու նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածու, Առաջադեմ սոցիալիստական կուսակցության առաջնորդ Նատալիա Վիտրենկոն։

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած ցուցակում այս պահին 18 անուն կա։ Նրանց մեջ են Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, «Ռեգիոններ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը։

Նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ «Փոփոխությունների ճակատ» շարժման առաջնորդ Արսենի Յացենյուկը, գործարար Սերգեյ Տիգիպկոն եւ Իվանո-Ֆրանկովսկի շրջանի բնակիչ Վասիլի Պռոտիվվսեխը։ Վերջին թեկնածուն հատուկ փոխել է իր ազգանունը՝ Ուկրաինայի նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով։

Ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդները համարվում են Յանուկովիչը եւ Տիմոշենկոն։ Փորձագետները վստահ են, որ ընտրություններում հաղթողը որոշվելու է երկրորդ փուլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG