Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 13-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, գրում է. - «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ մենք մեր ներսում պիտի «կարգավորենք հարաբերությունները»։ Այսինքն՝ նախ պիտի պետություն դառնանք։ Իսկ դա այս իշխանությունների օրոք անհնար է։ Հետեւաբար՝ մեզ համար կարեւորագույն հարցն այսօր ոչ թե հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել-չվավերացնելն է, այլ իշխանափոխությունը։ Եվ միայն դրանից հետո իրավունք կունենանք քննարկել՝ արժե՞ Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, թե՞ ոչ»։

«Ժամանակ» թերթը խմբագրականը քննարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը. - «Եղիազար Այնթապցու օրինակով Սերժ Սարգսյանին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորը, դիմումը կամ առաջարկը իսկապես տարակույս է առաջացրել շատ-շատերի ընկալումներում: Այս տարակույսի բացատրությունները Կոնգրեսի լիդերներից ոմանք արդեն իսկ հասցրել են տալ՝ այն իմաստով, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, պետության շահով մտահոգված, պատրաստակամություն է հայտնում ներկայիս ծանր մարտահրավերների պայմաններում ելք գտնել, թեկուզ այդ ելքը Սերժ Սարգսյանի նախագահությունը հանդուրժելն է ու ներքին խնդիրներով նրան չծանրաբեռնելը: Այսինքն՝ ըստ էության, Կոնգրեսի առաջնորդը հերթական անգամ վկայում է պետության շահի գերակայության մասին՝ համաձայնելով նույնիսկ հանդուրժել Սերժ Սարգսյանին նախագահին, միայն թե նա դադարեցնի Հայաստանին արկածախնդրության մղող իր արտաքին քաղաքականությունը, որ նախաձեռնել է սեփական լեգիտիմության հարցը արտերկրի հզոր քաղաքական կենտրոններում մուրալու նպատակով»:

«Կապիտալ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանյան հասարակության բողոքավոր հատվածը նոր առաջնորդի անհրաժեշտություն ունի: Եվ այդ առաջնորդի վերելքի գլխավոր զենքը կարող է լինել միայն հսկայական խարիզման, խիզախությունն ու վճռականությունը՝ հիմնված անսակարկելի ազնվության եւ սեփական գաղափարների նկատմամբ անբեկանելի հավատի վրա: Հին «առաջնորդները» վարկաբեկված են, սպառված են, անհավատ են, թույլ են ու տկար: Ժողովրդավարական, ազատական, պլյուրալիստական դավանանքի կրողը չի կարող չգիտակցել, որ գլխավոր հարցի՝ իշխանափոխության հարցի վերաբերյալ մեկ միասնական, համընդհանուր դիրքորոշում ամբողջ հասարակական, քաղաքական սպեկտրն ունենալ չի կարող: Եվ առաջնորդին մնում է միայն ուզուրպատորին ազգային դարձի, խոտոր ուղուց հրաժարվելու, համազգային համերաշխությանն ապավինելու կոչ անել: Իսկ ընդդիմությունը, «առաջնորդին սպասելիս» վիճակում, արտահերթ արտաքին քաղաքական զարգացումների հույսով շատ կարեւոր կազմակերպական, կառուցվածքային աշխատանքներով կնախապատրաստվի հերթական խորհրդարանական ընտրություններին, որոնք ամենայն հավանականությամբ կբոյկոտի, քանի որ բողոքավոր մարդիկ գնում են միայն առաջնորդի հետեւից եւ միայն նախագահական ընտրությունների ժամանակ»:

«Երկիր»-ը զրուցել է արձակագիր Պերճ Զեյթունցյանի հետ եւ նրան խնդրել է մեկնաբանել էքս-նախագահի՝ «նոմենկլատուրային մտավորականության լռության» մասին խոսքերը: «Տեր-Պետրոսյանը թյուրիմացության մեջ է: Նա չի լսել, չի կարդացել մեր տեսակետները, որ հայտնել ենք արձանագրությունների վերաբերյալ: Թող նա մեզ չխառնի իրենց հետ եւ չփորձի նենգափոխել մեր ասածները», - ասել է Զեյթունցյանը: - «Նրան անընդհատ պետք է հիշեցնել, որ հենց ինքն էր ժամանակին հայտարարում, թե Թուրքիայի հետ հարաբերությունները մեր ազգի փրկությունն են: Նա սիրում էր ասել, թե Թուրքիան առաջվանը չէ, քաղաքակրթվել է»: «Ի դեպ, պարզվում է, որ Պերճ Զեյթունցյանը միշտ խորհուրդ է տվել Տեր-Պետրոսյանին լռել, որովհետեւ նրա ամեն միտքը խայտառակում հենց խոսքի հեղինակին», - գրում է թերթը: «Պարզվում է, որ նա դեռ չի լսել իմ այդ խորհուրդը: Սա եւս մեկ առիթ է՝ նրան լռելու խորհուրդ տալու համար», - ասել է Պերճ Զեյթունցյանը:

«Առավոտ»-ը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ: Նա ասում է. - «Հիմա տրամադրությունները բավականին կարծրանում են եւ Թուրքիայում, եւ Հայաստանում: Ստորագրումից հետո դիրքորոշումների կարծրացման փուլ գնաց: Այս պահին որեւէ մեկը չի կարող հստակ ասել՝ կստորագրի՞ Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները, թե՞ չի ստորագրի: Կարծում եմ, դեռ թուրքերն էլ չգիտեն, թե ինչպես են վարվելու դրանց հետ: Բայց, ամեն դեպքում, անառարկելի է, որ Թուրքիայում առկա է բացասական հասարակական կարծիք: Եվ այս իրավիճակում շատ ավելի ազդեցիկ է դառնում Ադրբեջանի ճնշումը Թուրքիայի վրա: Եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, դա ամենեւին չի նշանակի, որ Թուրքիան խաբում կամ մերժում է Հայաստանին: Եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, ապա այդ մերժումը ուղղված կլինի ոչ թե Հայաստանի դեմ, այլ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի: Խնդիրն այստեղ է: Եթե Թուրքիան չվավերացնի, ապա միանշանակ խիստ բացասական վերաբերմունքի կարժանանա այս երկրների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG