Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ին անդամակցող «հայդատական» Հնչակյան կուսակցությունը չի վերանայելու իր գաղափարախոսությունը


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը համաձայն չէ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում հնչեցրած այն մտքերի հետ, որ «հայդատականությունը» ոչ մի կապ չունի երկրի իրական շահերի հետ եւ որ «ոչ մի թիզ հող» կարգախոսը ի վերջո կհանգեցնի ազգային աղետի։

Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շիրխանյանը հայտարարեց, որ մինչեւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը Անկարան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը եւ սկսի փոխհատուցումներ տալ Հայաստանին։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Շիրխանյանը վստահեցրեց, որ չնայած ի հայտ եկող գաղափարական հակասություններին, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր սոցիալ-դեմոկրատական, ինչպես նաեւ ազգային, ավադական, հայդատական ուղղությամբ իր քարոզչությունը։

«Դա ոչ մի կերպ չի խաթարելու Կոնգրեսի աշխատանքները», - ասաց Շիրխանյանը՝ հավելելով. - «Այս կուսակցությունը 123 տարեկան է, եւ 1 քննադատությամբ մենք չունենք ոչ մի հնարավորություն վերանայել մեր ծրագիրը, գաղափարախոսությունը, եւ ոչ ոք դրան չի գնա»։

«Ամեն դեպքում», - ըստ Շիրխանյանի, - «ՀԱԿ-ի հիմնական առաքելությունը Հայաստանում սահմանադրական կարգերի վերականգնումն է»։

Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ անդամ՝ «Սարդարապատ» շարժման ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը, ով բազմիցս է հանդես եկել սկզբունքային ազգայնական դիրքորոշումներով, ասաց, որ առայժմ հարցերի չի պատասխանելու, սակայն տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշումները քննարկվելու են «Սարդարապատ» շարժման ակտիվի՝ առաջիկայում կազմակերպվելիք նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG