Մատչելիության հղումներ

«Կասկածելի հիվանդը ազգությամբ թուրք է, Երեւան է եկել երեկ ցերեկը, Ստամբուլի չվերթով։ Անմիջապես տարել են հետազոտության եւ նրա մոտ H1N1 վարակի առկայությունը հաստատվել է»,- «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական, «Խոզի գրիպի դեմ պայքարի Օպերատիվ հանձնաժողովի» անդամ Շուշան Հունանյանը։

Այսպիսով, Հայաստանում խոզի գրիպով վարակվածության կասկածելի դեպքերի թիվը արդեն հասել է 6-ի։ Նրանցից 5–ը դեռ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են, ավելի վաղ հայտնաբերված հիվանդներից մեկը առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցից։ Շուշան Հունանյանի փոխանցմամբ այժմ բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդներից երկուսը՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, նույնպես շուտով դուրս կգրվեն։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար։

Հայտնաբերված դեպքերը համարվում են կասկածելի, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լոնդոնի ռեֆերենտ լաբորատորիան պաշտոնապես չի հաստատել դրանց իսկությունը։

Առողջապահության նախարարությունը Լոնդոնի լաբորատորիայից պատասխան ակնկալում է մոտ մեկ ամիս անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG