Մատչելիության հղումներ

Կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս «Ժառանգության» ներկայացրած օրինագծին


Հինգշաբթի օրը Կառավարության հերթական հերթական նիստում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, ըստ որի «ներկա փուլում դա համարվում է աննպատակահարմար»:

Հարցեր չեղան, եւ կառավարության անդամները հավանության արժանացրեցին եզրակացությունը։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իր համար անակնկալ չէ գործադիրի նման մոտեցումը. - «Մեր կառավարությունը, որը նախորդ կառավարության շարունակությունն է, բնականաբար, նմանատիպ ձեւով էլ վարվելու էր, որովհետեւ իրենց արտաքին քաղաքականության պտուղները մենք բոլորս հիմա վայելում ենք»:

Պատգամավորը հետեւյալ կերպ է հիմնավորում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը. - «Միջազգային օրենքներով, երբ որ դու ճանաչում ես տվյալ պետության անկախությունը, դու շատ մեծ լիազորություններ ես ստանում բազմակողմ պայմանագրեր կնքելու [առումով], այդ թվում նաեւ՝ ռազմական պայմանագրեր կարող եք կնքել, պաշտպանողական բնույթի»:

Օրինագծի մասին դեռ 2007 թվականին այն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էր բարձրաձայնել։

Հարցին, թե եղե՞լ են արդյոք թեմայի շուրջ քննարկումներ, Մարտիրոսյանը արձագանքեց. - «Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ: Այսպես ասած «փակ խոսակցությանների» ժամանակ նրանք միշտ բարձրաձայնել են, նույնիսկ որոշ քաղաքական գործիչներ բացահայտ են դրա մասին ասել, որ իրենք եւս կողմ են, որպեսզի Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը պետք է իրականացնել «բավականին մտածված եւ հավասարակշռված ձեւով»։

«Լավագույն տարբերակը այն կլինի, երբ ճանաչումը սկսվի ոչ թե Հայաստանից, այլ ուրիշ պետություններից, որովհետեւ սա կունենա միջազգային հանրության համար ավելի ծանրակշիռ նշանակություն: Եվ կարծում եմ, որ այդ օրը կգա, համոզված եմ», - ասաց Բաբայանը՝ շարունակելով. - «Իսկ Հայաստանը, ինձ թվում է, ցանկացած պահին կարող է ճանաչել, եթե գոնե մեկ կամ երկու պետություն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Անդրադառնալով կոնկրետ «Ժառանգություն» խմբակցության օրինագծին՝ Դավիթ Բաբայանը ասաց. - «Նախքան նման նախաձեռնություն անելը, իհարկե, ճիշտ կլիներ ինչ-որ ձեւով առնչվել պաշտոնական Ստեփանակերտի հետ, բարձրաստիճան ղեկավարության… Ես տեղյակ չեմ, թե ում հետ են նրանք քննարկել Արցախում այս հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG