Մատչելիության հղումներ

Բացառիկ համերգով Երեւանում է Ջորջ Բենսոնը


Ջորջ Բենսոնը երեւանյան ասուլիսի ժամանակ
Ջորջ Բենսոնը երեւանյան ասուլիսի ժամանակ

Նոյեմբերի 12-ի երեկոյան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի բեմում կլինի ջազի մերօրյա ամենավառ անուններից մեկը` Ջորջ Բենսոնը, ում այցը այդքան սպասված էր, բայց չկայացավ անցած տարի` հայկական ջազի 70-ամյակի տոնակատարությունների ընթացքում: Բենսոնի երեւանյան համերգն այժմ իրկանանանում է «21-ի հեռանկարներ» փառատոնի 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում:

«Անհամբեր սպասում եմ համերգին` ցույց տալու համար իմ եւ իմ խմբի երաժիշտների հնարավորությունները: Պատրաստվում ենք խառնել երաժշտությունը եւ իսկապես լավ ժամանակ անցկացնել, ինչն էլ իմ առաջին նպատակն է», - նշեց երաժիշտը:

Ջորջ Բենսոնի`1976թ-ին թողարկված «Breezin’» ձայնասկավառակը առաջին ջազային ալբոմն է պատմության մեջ, որն իր վաճառքի ցուցանիշների շնորհիվ դարձել է «Պլատինե»: Իր կարիերայի ընթացքում Բենսոնը շոշափել է երաժշտության տարբեր ոճեր` սվինգից ու հիփ-հոփից մինչեւ ռիթմ-ենդ-բլյուզ, ջազ-ռոք ու smooth կամ այսպես կոչված «փափուկ ջազ»: Փորձը նրան թույլ է տալիս սահմանել ջազի առավելությունները:

«Ջազն այդքան հիանալի է, քանի որ մի շատ կարեւոր տարրով է առանձնանում երաժշտության մյուս տեսակներից. դա իմրովիզացիայի հնարավորությունն է, ինչի շնորհիվ կարող ես ամեն պահը դարձնել նախորդից տարբերվող, այսինքն կարող ես միշտ թարմ լինել, լինել ավելի լավը, քան երեկ էիր, ու նույն պատմությունը պատմել տարբեր մոտեցումներով», - բացատրեց Բենսոնը:

2009-ի օգոստոսին թողարկված նորագույն ալբոմը կոչվում է «Songs & stories», թարգմանաբար` «Երգեր ու պատմություններ»: Հարցազրույցներից մեկում Բենսոնն ասել է. «Ի վերջո խոսքը հենց երգերի ու պատմությունների մասին է, այն, ինչը թարմ է պահում երաժշտությունն ինձ համար»:

60-ից ավելի ձայնասկավառակներ թողարկած Բենսոնն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում արժանացել է 10 Գրեմմի մրցանակների, բայցեւ չի անտեսել անձնական կյանքը` հասցնելով կյանք պարգեւել 7 տղաների:

«7 տղա ունեմ, բայց 8 աղջիկ թոռ, ինչը մեծ ոգեշնչման աղբյուր է, այնպես չէ», - անկեղծացավ իրեն ռոմանտիկ մարդ համարող Ջորջ Բենսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG