Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցության ներկայացուցիչը մեկնաբանում է ընդդիմության առաջնորդի ելույթը


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը համարում է, որ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չորեքշաբթի օրը Կոնգրեսի ակտիվի ժողովի իր ելույթում «իմաստային առումով նոր բան չի ասել», եւ «հիմնական մեխն այն է, թե Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ եւ դա փնտրում է Հայաստանի սահմաններից դուրս»:

Իշխող կուսակցության փոխնախագահը վստահ է, որ ընդդիմության առաջնորդը նման հայտարարություններ է անում «խանդից դրդված»:

«Շատ կուզենար Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը ընտրված լիներ եւ հայ-թուրքական հարաբերությունների այս քաղաքականությունը վարեր ինքը: Բնականաբար, ինքը չի ընտրվել եւ չի կարող վարել եւ այս խանդի տեսարանը անընդհատ եռում է իր մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

«Երկրորդ», - շարունակեց Զոհրաբյանը. - «Ի տարբերություն մյուս նախագահների Հայաստանում, Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանը մղեց դեպի տարածաշրջանային խաղացողի, մեծ խաղի մեջ մտավ: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը խանդում է, որ ինքը նախագահ լինելու տարիներին չի կարողացել նման քաղաքականություն վարել ո'չ Թուրքիայի հետ, ո'չ էլ տարածաշրջանում: Այսինքն՝ իրեն հաշվի չեն առել որպես այդպիսին: Այս երկու խանդը իր մեջ անընդհատ հարցեր է առաջացնում»:

Զոհրաբյանը, ի դեպ, համաձայն է Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել է Ռոբերտ Քոչարյանը, եւ Մադրիդյան սկզբունքները Սերժ Սարգսյանը ժառանգել է կրկին Ռոբերտ Քոչարյանից ու Վարդան Օսկանյանից:

«Պարզապես այսօր Սերժ Սարգսյանը փորձում է հնարավորին չափ ուղղել այս սխալները, որ նախկինում թույլ են տրվել: Այսինքն՝ չգնալ անհարկի զիջումների», - ասաց նա:

Ռազմիկ Զոհրաբյանի համոզմամբ, Տեր-Պետրոսյանը իր ելույթում «հա'մ նալին է խփում, հա'մ մեխին»՝ քննադատելով, բայցեւ «ինչ-որ տեղ պաշտպանելով նրան». - «Փաստորեն, ինքը տեսնում է, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում գլոբալ է եւ ունի հեռանկար: Դրա համար ինքը նաեւ ինչ-որ տեղ պաշտպանական դիրք է բռնում գործող նախագահին եւ քննադատում է, որովհետեւ ընդդիմությունը չի կարող չքննադատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG