Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկում է արգելել օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի սահմանամերձ շրջաններում հող գնել եւ հողի սեփականության իրավունք ձեռք բերել:

Խորհրդարանում Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, խմբակցության պատգամավորներ Ռուզան Առաքելյանի եւ Արա Նռանյանի հեղինակած օրինագիծը նախատեսում է լրացում կատարել Հողային օրենսգրքում՝ ամրագրելով, որ «միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք, նաեւ օտարերկրյա կազմակերպությունները ներկայացնող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք սահմանից մինչեւ 25 կիլոմետր խորությամբ ընկած շրջաններում կարող են ունենալ սեփականության իրավունք միայն Հայաստանի կառավարության որոշմամբ եւ Պաշտպանության նախարարության համաձայնության դեպքում»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուզան Առաքելյանը հիմնավորեց. - «Այստեղ միայն թուրքերի եւ Թուրքիայի խնդիր չէ: Ընդհանրապես՝ երկրի անվտանգության խնդիր է: Քո երկիրը պաշտպանված է հենց սահմանամերձ տարածքով, իսկ մեր սահմանամերձ տարածքը ցանկացած պահի կարող է վտանգվել»:

Նախագծի հեղինակները վկայակոչում են Իրանի եւ Թուրքիայի փորձը, որտեղ որոշ դեպքերում անվտանգության նկատառումներով սահմանափակված է ոչ միայն հողի, այլեւ անշարժ գույքի նկատմամբ օտարերկրացիների սեփականության իրավունքը:

«Թուրքիայում կան ռազմավարական նշանակության հատուկ գոտիներ, որտեղ ընդհանրապես սահմանափակումներ կան ոչ միայն օտարերկրյա կազմակերպությունների համար, այլ նաեւ Թուրքիայի քաղաքացիների համար», - պարզաբանեց Արա Նռանյանը:

Հարկ է նշել, որ թե' Հայաստանի սահմանադրությունը, թե' Հողային օրենսգիրքը արգելում են հողի նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների սեփականության իրավունքը, սակայն օտարերկրյա կազմակերպությունների մասով որեւէ սահմանափակում չկա:

«Ստացվում էր մի աբսուրդային իրավիճակ, երբ օտարերկրյա քաղաքացին չէր կարող [հողային] սեփականություն ունենալ Հայաստանում, սակայն եթե ինքը գրանցեր իր երկրում ընկերություն, իրավաբանական անձ, այդ իրավաբանական անձի անվան տակ կարող էր ունենալ: Պարզապես մենք ուզում ենք, որպեսզի կառավարությունն իր վրա վերցնի պատասխանատվությունը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության եզրակացությունն այս օրինագծի կապակցությամբ անցած շաբաթ ուղարկել է Ազգային ժողովի նախագահին՝ ընդունելի որակելով նախագծի ընդհանուր գաղափարը: Վարչապետը, միաժամանակ, ընդգծել է, որ ամրագրված լուծումները որոշակի վերանայման կարիք ունեն:

Կառավարության նկատառումներում, ի դեպ, նախատեսվում են ավելի խիստ սահմանափակումներ: Առաջարկվում է, օրինակ, անվտանգության նկատառումներով սահմանափակել ոչ միայն հողի, այլ բնակելի տարածքների եւ այլ շինությունների նկատմամբ գույքային իրավունքները: Առաջարկվում է նաեւ «անվտանգության գոտի» հասկացությունը չկապել միայն սահմանամերձ շրջանների հետ, այլ դրանում ներառել նաեւ Հայաստանի ամբողջ տարածքում պաշտպանության կարիք ունեցող օբյեկտները:

Նշելով, որ այժմ համալիր կերպով ուսումնասիրվում է հատկապես Թուրքիայի օրենսդրությունը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում պարզապես ժամանակավորապես դադարեցնել օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռք բերումը Հայաստանի տարածքում կամ, բացառիկ դեպքերում, թույլտվություն տալու իրավասությունը վերապահել կառավարությանը:

Գործադիրը նաեւ ընդգծել է, որ սահմանափակումները պետք է լինեն կատեգորիկ, ինչը փոփոխություններ է ենթադրում ոչ միայն Հողային, այլեւ Քրեական ու Քաղաքացիական օրենսգրքերում:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում Դաշնակցության խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը կընդգրվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյաներից մեկում:
XS
SM
MD
LG