Մատչելիության հղումներ

«Չորրորդ իշխանություն»-ը տպագրող գործակալության նկատմամբ դատարանի վճիռը կհրապարակվի նոյեմբերի 16-ին


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց եւ ավարտվեց «Գինդ» տպարանի հայցի քննությունն ընդդեմ «Օգոստոս» գործակալության, որը հրատարակում էր «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատարանի վճիռը կհրապարակվի նոյեմբերի 16-ին:

«Գինդ»-ը պնդում է, թե ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթը տպարանին պարտք է մոտ 2,5 միլիոն դրամ, եւ դատարանից պահանջում է բռնագանձել այդ գումարն ու լուծարել պայմանագիրը: «Չորրորդ իշխանություն»-ը, մինչդեռ, պնդում է, թե ոչ միայն պարտք չէ, այլեւ` «ավելի շատ գումար է փոխանցել»:

Ավելի վաղ, սակայն, դատարանը բավարարել էր «Գինդ»-ի պահանջը՝ արգելել «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը որեւէ տպարանում, ինչի արդյունքում թերթը արդեն երկրորդ օրն է լույս է տեսնում «Չորրորդ ինքնիշխանություն» անունով:

Դատաքննության ավարտին «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «Գինդ» տպարանի տնօրենին ընդամենը «օգտագործում են թերթը փակելու նպատակով». - «Եթե նրանք հետապնդում են ֆինանսական շահ, նրանք պիտի ցանկանային, որ «Չորրորդ իշխանություն»-ը տպագրվեր եւ փող աշխատեր եւ իրենց ֆինանսական պահանջը կատարեր: Բայց նրան, փաստորեն, ուզում են, որ «Չորրորդ իշխանություն»-ը չտպագրվի»:

«Գինդ» տպարանի իրավաբան Պողոս Թերզյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե որեւէ քաղաքական դրդապատճառ գոյություն չունի:

«Պայմանագրով գրված է, որ եթե կողմերը ունեն պարտք, պարտքը պետք է մարվի եւ դրանից հետո նոր կարողանան պայմանագիրը լուծել», - հավելեց Թերզյանը: - «Եվ նրանք այդ պայմանագիրը առանց լուծելու, տպվել են ուրիշ տեղ: Պայմանագրում էլ գրված է, որ եթե պարտքը չի մարվում, այլ տպարանում տպագրվելու իրավունք չունեն: Իրենք ժամանակին ստորագրել են դրա տակ»:

«Ես էլ ասում եմ, որ իրենք ինձ պարտք են եւ ավելի շատ են պարտք, քան այստեղ հրապարակվեց», - հակադարձեց Շողեր Մաթեւոսյանը: - «Նրանք, հաշվի առնելով մեր տնօրենի անփորձությունը, թաքուն բարձրացրել են գինը»:
XS
SM
MD
LG