Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը միայնակ չիրագործեց հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման ծրագիրը»


Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 11-ի իր ընդարձակ ելույթում նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեց հրաժարվել «օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով» հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումներից, փոխարենը կոչ անելով՝ «այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից»։

Հայ ազգային կոնգրեսի ակտիվի այսօր կայացած ժողովում, ընդդիմության առաջնորդը գնահատականներ հնչեցրեց Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի, առկա մարտահրավերների վերաբերյալ։

«Հայ–թուրքական հաշտեցման հիմնապայմանը Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումն է»


Հայաստանի առաջին նախագահի գնահատմամբ, առաջիկա ամիսներին արտաքին քաղաքականության ոլորտում զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների, որքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «որովհետեւ, վերջին հաշվով, հայ–թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ թե Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը»։

Հայ-թուրքական հարաբերություններում սպասվող փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը, Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ, ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը։

«Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության», - կանխատեսում է ընդդիմության առաջնորդը, - «Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը եւ, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի եւս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա»։

«Բարդագույն խնդիրներ»


Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրավիճակը չափազանց նուրբ է եւ զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջեւ. - «Բարդությունը մի կողմից՝ կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից։ Հայ ազգային կոնգրեսը մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, եւ հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը»։

Իշխանությունները, սակայն, ընդդիմության առաջնորդի գնահատմամբ՝ «համառորեն» չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման եւ ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու եւ արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը։

«Քանի որ կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

«Արդարությունը պահանջում է նշել»


Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, արդարությունը պահանջում է նշել, որ Սերժ Սարգսյանը միայնակ չիրագործեց հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման ծրագիրը։ Այդ հարցում նրան անվերապահ աջակցություն ցուցաբերեցին՝ կոալիցիայի անդամ կուսակցությունները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նախագահին առընթեր Հանրային խորհուրդը, Հայաստանի «քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը», եւ վերջապես, ողջ «նոմենկլատուրային մտավորականությունը»:

Սերժ Սարգսյանը միայնակ չիրագործեց հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման ծրագիրը ...
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների քննադատներին, ապա որպես այդպիսիք, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի գնահատմամբ, հանդես եկան սփյուռքահայ զանգվածները, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, եւ մի շարք այլ կուսակցություններ, ինչպես նաեւ մի քանի անհատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ։

Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է ...
«Անզեն աչքով իսկ նկատելի է, որ ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ», - նշում է Տեր-Պետրոսյանը։ - «Ի տարբերություն Կոնգրեսի, Հայդատականություն դավանող քաղաքական ուժերը, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, մի կողմից անլրջացրին արձանագրությունների պարունակած ամենավտանգավոր դրույթի՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին, ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը»։

ՀԱԿ-ի առաջնորդը շեշտեց, որ, այնուամենայնիվ, քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է. - «Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանության կողմն են, որքան էլ ձեւացնեն, թե իսկապես մտահոգված են նշված անցանկալի զարգացումներով»։

«Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկցված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաեւ կեղծ ու փարիսեցիական են», - եզրափակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։
XS
SM
MD
LG