Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը կրկին դժգոհում է բանակցություններում հայկական կողմի դիրքորոշումից


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ղարաբաղյան գործընթացի մասին եւ կրկին դժգոհել է, որ հայկական կողմը «դանդաղեցնում է բանակցությունների ընթացքը»։

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկու երկրների նախագահներին առաջարկել են հանդիպել եվրոպական քաղաքներից մեկում», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ նշելով, որ այժմ համանախագահները քննարկումներ են անցկացնում կողմերի հետ` հանդիպման օրը եւ վայրը որոշելու համար։

Էլմար Մամեդյարովը նաեւ տեղեկացրել է, որ նախագահների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-2-ին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների նստաշրջանի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն։

Ինչպես ադրբեջանական Trend գործակալությանը տեղեկացրել են ամերիկյան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գրասենյակից, միջնորդները՝ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) մինչեւ նոյեմբերի վերջ կրկին կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան։

Ռոբերտ Բրադկեի գրասենյակից հաստատել են, որ համանախագահների այցի նպատակը նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումն է։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել միջնորդների նախորդ այցի ընթացքում։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին` հոկտեմբերի 9-ին Քիշինեւում անցկացված բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը դժգոհել էր, ասելով, որ՝ «հայկական կողմը հանկարծ սկսեց հարցեր բարձրացնել, որոնք համաձայնեցվել էին դեռեւս երկու-երեք տարի առաջ»։

Անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ադրբեջանական կողմի այդ հայտարարության առնչությամբ պատասխանել էր. - «Հայտարարություն չեմ լսել ադրբեջանցիների կողմից. ընդհանրապես, չեմ կարող մեկնաբանել մի բան, որը ես չեմ լսել: Բանակցությունները շարունակվում են, եւ եթե շարունակվում են, եթե երկու կողմն էլ պատրաստակամություն են հայտնում շարունակել, ուրեմն` քննարկում են հարցերը այն ձեւով, ինչպես որ գոհացնում է երկու կողմին շարունակել բանակցությունները»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր կրկին հայտարարել է, որ՝ «Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան բանակցություններում շարունակում են քննարկել նույն սկզբունքները, որոնք բանակցային սեղանի վրա են վերջին 5 տարիներին։ Կան հարցեր, որոնք ադրբեջանական կողմը լուծված է համարել, բայց հայկական կողմը դրանք կրկին դարձրել է բանակցությունների առարկա»։

Այս հանգամանքը, Մամեդյարովի գնահատմամբ, «դանդաղեցնում է բանակցությունների ընթացքը»։

«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը փուլային գործընթաց է, որը նախեւառաջ ենթադրում է հայկական զորքերի դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերականգնում, այնուհետեւ` տեղահանվածների վերադարձ իրենց բնակավայրերը», - ասել է Մամեդյարովը՝ հավելելով. - «Խաղաղության, կայունության համար պետք է պայմաններ ստեղծվեն, տնտեսական իրավիճակը պետք է կարգավորվի, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի կողմնորոշվել` ի՞նչ կարգավիճակ կունենա Lեռնային Ղարաբաղը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG