Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 11-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Վերջին շաբաթների ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, մի մասը զգալիորեն՝ 300-400 դրամով, իսկ որոշ դեղեր՝ մի քանի հազար դրամով: Կառավարությանը մոտ կանգնած փորձագետները որպես թանկացումների պատճառ նշում են դոլարի կամ եվրոյի կուրսի բարձրացումը: Բայց ես չեմ հավատա այդ փորձագետներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք չբացատրեն, թե ինչու 2-3 տարի առաջ, երբ դոլարն ու եվրոն սրընթաց գահավիժում էին, ապրանքները չէին էժանանում: Ժողովուրդը ամեն ինչ բացատրում է մեր օլիգարխների ագահությամբ եւ գերշահույթներ ստանալու անհագ մոլուցքով: Դրան ես հավատում եմ: Բայց ագահությունը եւ մոլուցքը տնտեսական կատեգորիաներ չեն: Ոչ էլ՝ քաղաքական: Պարադոքսալ ձեւով գների բարձրացումը չի հուզում նաեւ մեր ընդդիմությանը: Բայց հնարավոր էր, չէ՞, խոսել այդ խնդրի մասին՝ գոնե ամբոխավարությունից ելնելով: Հավանաբար, Դաշնակցությունը լռում է, քանի որ մեր քաղաքացիների մի մասի սոված մնալը «ազգային խնդիր» չէ, համեմատելի չէ «դարավոր ոսոխի» թեմայի հետ: Հայ ազգային կոնգրեսն էլ պետք է ասի՝ «մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ձեթն ու ալյուրը չեն էժանանա»:

«Կապիտալ»-ը գրում է. - «ՀԱԿ-ը կարողացավ ժողովրդին բերել հրապարակ, բայց չկարողացավ ստեղծել քաղաքական հասարակություն, ակումբներ, որտեղ ձևավորվեր ու զարգանար քաղաքական միտքը, չկարողացավ Կոնգրեսը վերածել քաղաքական լուրջ ինստիտուտի եւ ինքնամարգինալացվեց։ ՀԱԿ-ի ինքնապասիվացման հետեւանքով հասարակությունը վերջնականապես կորցրեց հավատը քաղաքական ուժերի նկատմամբ, ավելին՝ կորցրեց սեփական ուժերով պայքարելու ու հաղթանակի հասնելու, որեւէ բան սեփական երկրում փոխելու հույսը։ Փողոց դուրս եկած զանգվածը կորցրեց պայքարի էներգիան, որի հետեւանքը եղավ հասարակական ապատիան։ ՀԱԿ-ի ինքնապասիվացման հետեւանքով պետությունը կորցրեց արմատական ընդդիմությանը, որը գործադիր-օրենսդիր-դատական իշխանությունների սերտաճած լինելու պարագայում իշխանությանը վերահսկելու, սթափեցնելու եւ ներքին բարեփոխումների մղելու միակ լուրջ գործոնն էր»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Տեսականորեն Հայաստանն ունի ընդամենը երկու «ապրանք», որին միջազգային շուկայում «գին կտան»: Մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, մյուսը՝ Ղարաբաղն ու ազատագրված տարածքները: Թե ինչ է տեղի ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ Հայաստանին 1,5 միլիարդ դոլար են տվել, Սերժ Սարգսյանն էլ սկսել է մի գործընթաց, որում, մեծ հաշվով, վաճառքի են հանվել Ցեղասպանությունն ու Ղարաբաղը: Գործարքը կկայանա թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստ է, որ սակարկություններն ընթացքի մեջ են: Ընդ որում, երբ պարտքերը մարելու ժամանակը գա, մեզ այլեւս չեն հարցնի՝ գործարքը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի եւ հասարակայնության հետ պատասխանատու Դավիթ Բաբայանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայաստանյան արմատական լրատվամիջոցները հոկտեմբերի կեսերին ահազանգեցին, թե նախագահները Քիշնեւում գաղտնի համաձայնագիր են ստորագրել, հիմա ակնարկում են «բանավոր պայմանավորվածությունների» մասին՝ սեւով սպիտակի վրա գրելով, թե «տարածքները հանձնելն ամրագրված է 2010թ. բյուջեով»։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս շահարկումներին»։ Բաբայանը պատասխանել է. - «Սկսենք նրանից, որ միջազգային իրավունքով գաղտնի համաձայնագրերի, արձանագրությունների ստորագրումը արգելված է։ Երկրորդ՝ այդ ամենը անլուրջ է, որովհետեւ գաղտնի պայմանավորվածությունները վաղը կարող են չեղյալ համարվել։ Ի վերջո, սկզբունքորեն դա անհնար է՝ որեւէ համաձայնագիր չի կարող ստորագրվել, առանց հարցնելու Ղարաբաղի, հայ ժողովրդի կարծիքը։ Ինչ վերաբերում է «տարածքների վերադարձին», ընդհանրապես, հայկական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում այս հարցի հետ կապված՝ որոշակի թյուրըմբռնում կա։ Անընդհատ շեշտելով՝ «ազատագրված տարածքներ», «ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներ», «անվտանգության գոտի», կամա-ակամա հարցականի տակ ենք դնում Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը»։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին «Ազգ»-ին տված հարցազրույցում ասում է. - «էլէկտրաէներգիայի ու գազի բարտերի խնդիրը, որը երկու երկրների միջեւ իրականացվող առանցքային եւ սկզբունքային նշանակություն ունեցող նախագծերից է, եւ մոտ վեց ամիս` Իրանի Իսլամական հանրապետությունից գազ է առաքվում Հայաստան: Անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում լուծել երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության հարցը, քանզի էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակումը եւ ներկա գործընթացի շարունակությունը պայմանավորված է երրորդ գծի շինարարությամբ, խնդիր, որի նկատմամբ իրանական կողմը հաստատակամ է, սակայն հայկական կողմը դեռեւս լուրջ քայլ չի կատարել»: Հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացումը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վրա, դեսպանը պատասխանել է. - «Երկու երկրները միմյանց կապող երկաթգիծ կառուցելու ու շահագործելու հնարավորությունների քննարկումները ներկա պահին շարունակվում են երկկողմ ցանկությունների շրջանակներում: Եթե քննարկումներն ավարտվեն նախագծի իրականացման մասին որոշման կայացմամբ, Թուրքիան եւս կարող է դիտարկվել որպես մասնակիցներից մեկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG