Մատչելիության հղումներ

2010-ին կրթության եւ գիտության ոլորտի բյուջետային հատկացումը նվազելու է 12,8 տոկոսով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, «երկար տարիներ պետական ֆինանսական հատկացումների առյուծի բաժինը` շուրջ 88 տոկոս, գնացել է հանրակրթության ոլորտ»: Ծախսային մասով` 2009-ի 108 մլրդի փոխարեն 2010-ին այն կկազմի 95մլրդ դրամ:

Ժողովրդագրական խնդրի հետեւանքով 2010-ին շուրջ 20.000 աշակերտ պակաս է հաճախելու դպրոց: Այս միտումը տարածվել է նաեւ միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա: Այս գործոնի պատճառով բյուջեն կրճատվել է 1մրդ դրամի ծավալով, մնացած 12 մլրդ դրամը կրճատվել է կրթությանը տրամադրվող օժանդակելու ծրագրի մասով` հիմնականում դպրոցաշինության ուղղությամբ:

Այս տարվանից համաշխարհային բանկի հետ իրականացված ծրագրերից մեկի շնորհիվ, 22 համայնքներում ԿԳ նախարարությունը ձեւավորվել է նախադպրոցական կրթության դասարաններ: Հանրակրթության բնագավառում 2010-ի համար նախարարությունը պահպանել է 2009-ի ունեցած ուսուցիչների աշխատավարձը, աշակերտի թվով ֆինանսավորումը, ավագ դպրոցների ուսուցչական կազմի աշխատավարձի 20 տոկոսի հավելումը:

2010-ին եւս 48 դպրոցի կշնորհվի ավագ դպրոցի կարգավիճակ: Եկող տարվա համար պահպանվելու է տարրական դասարաններին անվճար դասագրքեր տրամադրելու ծրագիրը, ավագ դպրոցներում 4 առարկաների դասագրքերի տրամադրումը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հատկացվող 120մլն դրամի ծրագիրը:

Հաջորդ տարվա համար կպահպանվեն նաեւ ներառական կրթության ծրագիրը եւ համակարգչային ծրագրերի հետ կապված ծախսերը: Այս պահի դրությամբ, դպրոցական համակարգչային ցանցում առկա 644 դպրոցին գումարվելու է եւս 300-ը:

2010-ին կկրճատվի նաեւ անվճար համակարգում սովորող ուսանողների թիվը:
XS
SM
MD
LG