Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը կոչ է անում չմատնվել խուճապի


Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանում H1N1 վիրուսով վարակի դեպքեր արձանագրելու առնչությամբ, երեքշաբթի օրը կոչ արեց հայաստանցիներին խուճապի չմատնվել:

«Ես չեմ գտնում, որ այսօր Հանրապետությունում ծանր վիճակ կա», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց նախարարը: - «Ուղղակի ունենք արձանագրված դեպքեր եւ պետք է շատ ավելի ուշադիր լինենք ե'ւ տանը, ե'ւ աշխատանքի վայրում, ե'ւ ընդհանրապես: Տագնապի որեւէ առիթ չկա: Ուղղակի պետք է զգույշ եւ ուշադիր լինել»:

H1N1 վիրուսով կամ «խոզագրիպով վարակված Հայաստանի 2 քաղաքացիները, որոնք ժամանել եին Ռուսաստանի Դաշնությունից, այս պահին դեռ գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի փոխանցմամբ, նրանց մոտ բարդություններ չկան: Ասոյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ 2-3 օրից նրանք լիովին ապաքինված դուրս կգրվեն հիվանդանոցից:

Իսկ Հայաստանում խոզագրիպի առաջին դեպքը արձանագրվել էր Իրանի մի քաղաքացու մոտ, ով արդեն ապաքինվել է եւ մեկնել Հայաստանից;

Ըստ Առողջապահության նախարարի, այս գրիպի բուժման համար օգտագործվող «Տամիֆլյու» կոչվող դեղամիջոցով կապահովվեն բոլոր հիվանդները: Դրա որոշակի քանակություն արդեն կա Հայաստանում: Անհրաժեշտ մնացած քանակությունը, Քուշկյանի հավաստմամբ, շուտով ձեռք կբերվի:

Խոզագրիպի դեմ պատվաստումներ Հայաստանում դեռ չեն արվում: Հարություն Քուշկյանն ասաց, որ այս պահին պատվաստանյութերի ձեռք բերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում թե' մասնավոր ընկերությունների, թե' միջազգային կազմակերպությունների հետ:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակացույցով [պատվաստանյութի ներկրումը Հայաստան] նախատեսված էր հունվար ամսին, քանի որ մեզ մոտ արձանագրված դեպքեր չէին եղել: Բայց մենք խնդրեցինք միջազգային կազմակերպություններին, որ իրենք մի քիչ մոտեցումը փոխեն. այսինքն՝ այդ վակցինան բերվի այն ժամանակ, երբ դեռ [հիվանդությունը] տարածված չէ, որպեսզի կանխարգելենք հիվանդությունը: Ես հատուկ խնդրանքով եւ գործնական պահանջով դիմել եմ այդ կազմակերպություններին», - հայտարարեց նախարարը:

Քուշկյանը ասաց, որ այս պատվաստանյութը չի կիրառվելու երեխաների դեպքում. - «Երեխաների համար մենք ուզում ենք ձեռք բերել ավելի անվտանգ եւ գրեթե առանց կողմնակի ազդեցության դեղամիջոցներ»: Նա հավելեց, որ այդ ուղղությամբ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են:

Հարություն Քուշկյանը հավաստիացնում է, որ համապատասխան բուժում կստանան բոլոր հիվանդները եւ գրիպի տարածման դեպքում նրանց կսկսեն ընդունել նաեւ ոչ ինֆեկցիոն հիվանդանոցները, որոնք նույնպես ապահովված կլինեն համապատասխան սարքավորումներով եւ դեղամիջոցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG