Մատչելիության հղումներ

Պաշտպանը միջնորդում է դադարեցնել Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը 225-րդ հոդվածով


Armneia -- Video broadcast of trail of opposition leader Nikol Pashinian, 10 Nov, 2009

Armneia -- Video broadcast of trail of opposition leader Nikol Pashinian, 10 Nov, 2009

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի օրը շարունակեց դատավարությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով («զանգվածային անկարգություններ կազմակերպելը»)՝ որպես հիմնավորում հրապարակելով Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի նամակը, որով մերժվում է վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին:

Նշված փաստաթղթի համաձայն՝ «Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի փետրվարի 26-ից մինչեւ 2009 թվականի հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»:

Ըստ Լուսինե Սահակյանի, այդ փաստաթղթից հետեւում է, որ մարտի 1-ին Փաշինյանը Հայաստանում չէր եւ չէր կարող կազմակերպել զանգվածային անկարգություններ. - «Ուստի, հարգելի դատարան, խնդրում ենք՝ քրեական հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 225-րդ հոդվածի երկրորդ մասով դադարեցնել»:

Ինքը՝ Փաշինյանը, կարծիք հայտնեց, թե դատական ողջ գործըթացը՝ ներառյալ նշված փաստաթուղթը, «ոչ այլ ինչ է, քան ծաղրուծանակ». - «Այս փաստաթղթի բովանդակությունից ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ըստ էության, որեւէ ձեւով չի պաշտպանվում... Իրականությունը այն է, որ մենք գործ ունենք հերթական աբսուրդի հետ»:

Դատավար Մնացական Մարտիրոսյանը, քննարկելով միջնորդությունը, որոշեց հետաձգել դրա լուծումը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:
XS
SM
MD
LG