Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանը կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել


Մոլդովայի խորհրդարանի արտակարգ նիստում այսօր կրկին չի հաջողվել նախագահ ընտրել։ Այս տարի Մոլդովայի խորհրդարանը արդեն երրորդ անգամ է փորձում նախագահ ընտրել։

Հաղորդագրությունների համաձայն, այս անգամ նախագահի ընտրությունը տապալվել է Կոմունիստական կուսակցության պատգամավորների՝ ընտրությունը բոյկոտելու որոշման հետեւանքով։

Խորհրդարանի մեծամասնությունը կազմող չորս եվրոպամետ կուսակցություններից բաղկացած իշխող կոալիցիայի միակ թեկնածուն էր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպուն։

Խորհրդարանում անցկացվող նախագահական ընտրություններում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա առնվազն 61 պատգամավորների քվեն։ Իշխող կոալիցիան խորհրդարանում ունի 53 մանդատ։ Ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության պատգամավորների թիվը 48 է։

Օրենքի համաձայն, եթե մեկ ամիս անց կայանալիք քվեարկությունների ժամանակ նորից չհաջողվի նախագահ ընտրել, Մոլդովայի խորհրդարանը պետք է ցրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG