Մատչելիության հղումներ

Էդվարդ Մադաթյանին նույնպես մշտական բնակության մասին տեղեկանք չի տրամադրվել


Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյան

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյան

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի հայտնեց, որ իր տեղեկություններով, Ոստիկանությունը մերժել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածություն առաջադրած Էդուարդ Մադաթյանին։

Անցած շաբաթ մերժվել էր նաեւ նույն ընտրատարածքում թեկնածություն առաջադրած Նիկոլ Փաշինյանին համանման տեղեկանք տրամադրելու հարցը, պատճառաբանելով, որ վերջինս՝ «26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»։

Նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով»։ 2004 թվականի դեկտեմբերի 6-ից 2005-ի հուլիսը՝ մինչեւ գործի քննության կասեցումը, Մադաթյանը նույնպես գտնվել է հետախուզման մեջ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, արդյո՞ք հիմնավորված է համարում Փաշինյանին տեղեկանք տրամադրելը մերժելը, եւ արդյո՞ք Էդվարդ Մադաթյանին տրամադրվել է այդպիսի տեղեկանք, Հովհաննես Հունանյանը պատասխանեց. - «Մադաթյանին նույնպես մերժել են, որքան ես իրազեկ եմ։ Մի քանի օր առաջ մերժել են եւ նույն պատճառաբանությամբ»։

Գործող օրենքի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես պատգամավորության թեկնածու պաշտոնապես գրանցվել կարող են միայն այն անձինք, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մշտապես բնակվել են Հայաստանում։

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են 6 թեկնածուներ, այդ թվում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը:
XS
SM
MD
LG