Մատչելիության հղումներ

2010 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կրկին բարձրանալու է գազի սակագինը։ Անցած շաբաթավերջին լրագրողների հետ հանդիպմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, չմասնավորեցնելով, թե սպառողների համար որքանով է բարձրանալու սակագինը, ասել էր միայն, որ գալիք ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։

Ըստ ամենայնի, «ՀայՌուսգազարդ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացնելու հաջորդ տարեսկզբին։

2009-ի ապրիլի ապրիլի 1-ից ի վեր սպառողները 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 99 դրամ՝ նախկին 84-ի փոխարեն։ Սակագինը հաստատելիս հաշվի էր առնվել նաեւ դոլարի փոխարժեքը, որն այն ժամանակ, ըստ Ռոբերտ Նազարյանի, ընդունվել էր 303.36 դրամ։ Այսօր մեկ դոլարը արդեն 386 դրամ է:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այս պահին դոլարային արտահայտությամբ ենթադրվում է 17 տոկոս գնի բարձրացում, բայց ես ենթադրում եմ, որ բնակչության համար սակագները կամ սպառողների համար սակագները ավելի բարձր թվով են աճելու՝ հաշվի առնելով դրամի արժեզրկումը, որի հետ մենք գործ ունեցանք այս տարվա ընթացքում»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ մարտի վերջը բավարար ժամանակ կունենա հարցը քննարկելու, անհրաժեշտ հաշվարկները կատարելու եւ բնակչության համար սակագինը սահմանելու համար։

Իսկ արդյո՞ք այդ ժամանակահատվածում կամ գուցե եւ դրանից որոշ ժամանակ անց գազի գնով պայմանավորված մյուս ծառայությունների սակագներն էլ չեն բարձրանա, ասենք՝ էլեկտրաէներգիայի, ջրի, չի բացառվում նաեւ տրանսպորտի։ Եվ արդյո՞ք այս բոլորն ընդհանուր գնաճի չեն հանգեցնի։ Այսինքն՝ սոցիալական ի՞նչ հետեւանք կունենա հաջորդ տարի սպասվող գործընթացը։

Բագրատ Ասատրյանը արձագանքեց. - «Միանշանակ ընդունում եմ, որ սա որոշիչ կարող է լինել գնաճի համար, որովհետեւ այսօր մեր տնտեսությունը այնպիսի տեսք է ստացել, որ գազի գնի դերն ու նշանակությունը անհամեմատ ավելի մեծ է: Մենք ունենք տրանսպորտային համալիր, որն էապես օգտվում է գազից՝ որպես սնուցման աղբյուր: Սպասումները, իհարկե, գնաճային ավելի բարձր պետք է լինեն, քան սովորական պայմաններում: Կենտրոնական բանկի սպասումներն են արդեն հրապարակված՝ առաջիկա 12 ամիսների գնաճային սպասումները. 5-6 տոկոս միջակայքն է նախանշվում, եւ, իմ կարծիքով, այս գործոնը դեռ հաշվի առնված չէ»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, արդեն իսկ նշանակում է, որ սակագների բարձրացումը առաջին հերթին այդ խավի վրա է ազդելու». - «Եվ ընդհանրապես, կազդի ոչ միայն սոցիալապես անապահով խավերի վրա, այլ՝ բոլորի: [Գազի սակագնի բարձրացումը] կբերի բոլոր տեսակի ծառայությունների եւ ապրանքների գների բարձրացում»:

Բացի դրանից, ըստ Վահագն Խաչատրյանի, սակագների բարձրացումը կհանգեցնի Հայաստան պետության տնտեսական մրցունակության անկմանը։

Այս բոլորից զատ, կա մի երրորդ կարեւոր եւ քաղաքական նշանակություն ունեցող հանգամանք: Վահագն Խաչատրյանի մեկնաբանությամբ, այսօր էլ շարքային սպառողները, այսպես թե այնպես, շատ ավելին է վճարում ` 1000 խորանարդ մետր գազի դիմաց 250 դոլար այն դեպքում, երբ նույնքան գազը Ռուսաստանից գնվում է 150 դոլարով:

«Եթե տեղափոխման ծախսերն էլ հաշվեք, «ՀայՌուսգազարդ»-ը գերշահույթներ է ստանում: Խնդիրն այն է, որ հիմա մի քիչ դոլարի կուրսի փոփոխություն է եղել, իրենք վնաս են կրել, ուզում են միանգամից այդ գումարները վերցնել», - եզրափակեց Խաչատրյանը:
XS
SM
MD
LG