Մատչելիության հղումներ

«1979. տարի, որն իսկապես փոխեց աշխարհը»


«Նյուզուիք» հանդեսի վերջին համարում լույս է տեսել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Նիել Ֆերգյուսոնի վերլուծությունը Բեռլինի պատի փլուզման մասին։

Հեղինակը գրում է, որ, իհարկե, հիշարժան էր 1989 թվականը, ափսոսում է, որ անձամբ չի տեսել, թե ինչպես են բեռլինցիները նոյեմբերի 9-ին քանդում պատը։ Դրա փլուզումից հետո կազմալուծվել է ամբողջ սոցիալիստական բլոկը, լուծարվել է Խորհրդային Միությունը։

Բայց, ըստ պրոֆեսոր Ֆերգյուսոնի, դարակազմիկ հետեւանքների առումով ամբողջ մոլորակի եւ Միացյալ Նահանգների համար առավել կարեւոր էին դրանից մեկ տասնամյակ առաջ` 1979 թվականին տեղի ունեցած չորս առանցքային իրադարձությունները։

Առաջինը, 1979-ի տարեվերջին Խորհրդային Միությունը ներխուժեց Աֆղանստան։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ հզոր եւ անպարտելի թվացող կայսրությունն ի զորու չէ կրել այդ պատերազմի ռազմական, տնտեսական, քաղաքական եւ բարոյական բեռը։ Սովետների համար դա ինքնասպանություն էր։

Երկրորդը, Արեւմուտքը բրիտանացիների, մասնավորապես, «երկաթե լեդի» Մարգարեթ Թեթչերի առաջնորդնությամբ, 1979 թվականին սկսեց վերականգնել ազատ շուկայի կանոնները։

Երրորդը, Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը բարեփոխումների կուրս ընտրեց։

Չորրորդը, Իրանում մահմեդականները գահընկեց արեցին շահին եւ կրոնապետություն հաստատեցին:

Այսօր՝ երեք տասնամյակ անց` Ամերիկայի Միացյալ Նահանգները կռվում է այն աֆղանստանցիների դեմ, որոնց հայրերին ռազմական եւ նյութական օգնություն էր տրամադրում Խորհրդային Միության դեմ պատերազմում։

Մարգարեթ Թեթչերի եւ Ռոնալդ Ռեյգանի դավանած ազատ շուկայի մոդելն այսօր` տնտեսական ճգնաժամի արդյունքում, ավերված վիճակում է։

Դեն Սյաոպինի ժառանգները ստեղծել են տնտեսություն, որն արդեն հաջողությամբ մրցում է ԱՄՆ-ի տնտեսության հետ։ Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` «Goldman Sachs»-ի մասնագետների կարծիքով, 2027-ին Չինաստանը համախառն ներքին արդյունքով առաջ կանցնի ԱՄՆ-ից։

Իսկ օրվա ամենամտահոգիչ խնդիրներից մեկը Թեհրանի հովանավորության ներքո գտնվող արմարտական ռազմատենչ իսլամի կառույցներին անդամակցողների թվի աննախադեպ աճն է։

«Բեռլինի պատի ավերումն ընդամենը մի պատմական դրվագ է վերոնշվյալ վիթխարի զարգացումների համապատկերում», - եզրափակել է Նիել Ֆերգյուսոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG