Մատչելիության հղումներ

Փաշինյանի փաստաբանը դիմել է Վարչական դատարան


Նիկոլ Փաշինյանը ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ, 2009 թվականի մարտի 1-ին:
Նիկոլ Փաշինյանը ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ, 2009 թվականի մարտի 1-ին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը երկուշաբթի օրը դիմել է Վարչական դատարան՝ բողոքարկելով Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ անցած շաբաթավերջին կայացրած որոշումը, որով մերժվել էր պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը:

Մերժումը փաստարկվել է, թե՝ Փաշինյանը անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ այդ ընթացքում Հայաստանում չի բնակվել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մինչդեռ, Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդեց, որ այդ ողջ ընթացքում՝ Փաշինյանը Հայաստանում է գտնվել եւ «հակառակն ապացուցող որեւէ փաստարկ գոյություն չունի»:

«Պետք է ոստիկանությունը հիմնավորի, որ իրականում ունի ապացույցներ, որ Նիկոլ Փաշինյանը Հանրապետությունում չի գտնվել», - ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Մինչդեռ, իհարկե, ոստիկանությունը որեւէ նման ապացույց ներկայացնել չի կարող, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Հանրապետությունում: Եթե նա լքած լիներ Հանրապետությունը, ապա պետք է առնվազն սահմանային անցակետերում երեւար, որ այդ անցակետից ելք ու մուտք է եղել, ինչը նաեւ [Փաշինյանի] անձնագրի մեջ պետք է երեւար: Եթե Նիկոլ Փաշինյանը ապօրինի էր հատել սահմանը, եւ նման տվյալներ ուներ ոստիկանությունը, ապա այդ դեպքում նրան պետք է մեղադրանք առաջադրված լիներ՝ ապօրինի [կերպով] սահմանը հատելու համար: Մինչդեռ, իհարկե, նման մեղադրանք չկա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը չի լքել»:

Սահակյանը անտրամաբանական է համարում նաեւ ոստիկանության պնդումը, թե Փաշինյանը Հայաստանում չի եղել անցած տարվա փետրվարի 26-ից, քանի որ, ինչպես նշեց փաստաբանը, բոլորին հայտնի է, որ այդ օրերին Փաշինյանը Հայաստանում էր եւ ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում: Ստացվում է նաեւ, թե մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Փաշինյանը Հայաստանում չէր արդեն փետրվարի 26-ից:

Բացի այդ, Ոստիկանությունն իր գրության մեջ նշում է, թե Փաշինյանը Հայաստանում չի գտնվել մինչեւ 2009 թվականի հուլիսի 7-ը: Մինչդեռ Փաշինյանը ինքնակամ իրավապահներին է ներկայացել հուլիսի 1-ին եւ այդ օրվանից ի վեր գտնվել է կալանքի տակ:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի՝ ավելի ուշ տարածած պարզաբանման համաձայն, Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի կողմից տրված պատասխանում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հաղորդումը «մեջբերված է ոչ ամբողջական»։

Մուրախանյանը, մասնավորապես, նշում է, որ «ստացված օպերատիվ տեղեկությունների` 2008 թվականի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հեռացել է Հայաստանի Հանրապետությունից եւ մինչեւ ներկայանալը գտնվել է անհայտ հասցեում»։

Լուսինե Սահակյանը «անտրամաբանական եւ ապօրինի» է համարում այս պնդումները. - «Ուղղակի աբսուրդի մոտեցող մերժում է սա»:

Փաշինյանի նկատմամբ դատարավարությունը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով այժմ ընթանում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Նիկոլ Փաշինյանը ինքնառաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու Երեւանում՝ թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG