Մատչելիության հղումներ

Գերմանիայում նշվում է Բեռլինյան պատի փլուզման 20-րդ տարելիցը


Գերմանիա -- Բեռլինյան պատը խորհրդանշող պատկերազարդ դոմինոի խաղաքարերով շրջապատված Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում, 8-ը նոյեմբերի, 2009թ.
Գերմանիա -- Բեռլինյան պատը խորհրդանշող պատկերազարդ դոմինոի խաղաքարերով շրջապատված Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում, 8-ը նոյեմբերի, 2009թ.

Աշխարհի առաջատար երկրների ներկա եւ նախկին ղեկավարներ այսօր տասնյակ հազարավոր գերմանացիների հետ կմասնակցեն Բեռլինյան պատի փլուզման 20-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Բեռլինի պատը՝ «սառը պատերազմի» ամենանշանակալի խորհրդանիշներից մեկը, քանդվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ շաբաթներ շարունակված ժողովրդական ցույցերի արդյունքում։

Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ անցկացվելիք միջոցառումներին կմասնակցեն Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը։ Նրանք առանցքային դերակատարություն են ունեցել Գերմանիայի վերամիավորման գործում։

Տոնակատարություններին ակնկալվում է նաեւ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությունը։

Բեռլինյան պատի բեկորները դարձել են հուշանվերներ


Կոմունիզմի եւ կապիտալիզմի, բռնատիրության եւ ազատության, արեւմուտքի եւ արեւելքի սահմանազատման խորհրդանիշ դարձած տգեղ եւ դաժան պատնեշն անհետացել է, դրա բեկորները դարձել են հուշանվերներ, որոնք վաճառվում են Բեռլին այցելող զբոսաշրջիկներին։

Բեռլինյան պատի փլուզումից դեռ երկու տարի առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը Արեւմտյան Բեռլինում մոտեցել էր պատի մոտ գտնվող Բրանդենբուրգի փակ դարպասին եւ խոսքն ուղղել էր ԽՍՀՄ-ի Կոմկուսի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին։

«Եթե դուք խաղաղություն եք ուզում, բարգավաճում Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի համար, եթե ազատականացում եք ուզում, մոտեցեք այս դարպասին, բացեք այն, քանդեք այս պատը, պարոն Գորբաչով»,- ասել էր Ռեյգանը։

1989-ի աշնանն արդեն ակնհայտ էր, որ սոցիալիզմը Խորհրդային Միությունում եւ դրա արբանյակների ճամբարում` Արեւելյան Եվրոպայում, այլեւս կենսունակ չէ։ Բեռլինում ամբոխները պահանջում էին բարեփոխումներ։ Ցույցերի ընթացքում վանկարկում էին «Կորչի՛ Շտազին» (ԳԴՀ-ի պետանվտանգության ծառայությունը)։

Նրանք պահանջում էին «պերեստրոյկա» եւ վանկարկում՝ «Գորբի, Գորբի»։

Միխայիլ Գորբաչովը տարիներ անց ասել է, որ Ռուսաստանում առ այսօր շատերը համոզված են, որ ինքը «հանձնվել» է։

«Ի՞նչ եմ հանձնել` երբ դա եմ հարցնում, նրանք չեն կարողանում պատասխանել։ Ի՞նչն եմ հանձնել։ Լեհաստանը` լեհերին, Չեխոսլովակիան` չեխերին եւ սլովակներին, եւ այլն։ Բայց ո՞ւմ էին դրանք պատկանում», - ասել է Գորբաչովը։

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել որքան խորհրդանշական, նույնքան էլ պատմական թյուրիմացություն` կոմունիստական Գերմանիան որոշել էր վերացնել վիզային ռեժիմը Արեւմտյան Բեռլինի եւ Արեւմտյան Գերմանիայի հետ։ Վճիռը հրապարակելը հանձնարարել էին Պոլիտբուրոյի անդամ Գյունթեր Շաբովսկուն, որին, սակայն, մոռացել էին տեղեկացրել, որ այն տեխնիկապես ուժի մեջ է մտնելու հաջորդ օրվանից` նոյեմբերի 10-ից։

Շաբովսկին հեռուստատեսությամբ հեռարձակվող ասուլիսում ասել է, որ այս պահից սկսած վիզային ռեժիմ չկա, սահմանը բաց է։

Տասնյակ հազարավոր մարդիկ անմիջապես շարժվել են պատի ուղղությամբ, սկսել են մուրճերով քանդել պատը։ Շուտով գործին են լծվել բուլդոզերներն ու տրակտորները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG