Մատչելիության հղումներ

Մարիամ Սուխուդյանի պաշտպանը միջնորդություններ կներկայացնի դատարան


Մարիամ Սուխուդյանը մամլո ասուլիսի ժամանակ, 06.11.2009

Բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը պնդում է, որ Սուխուդյանի դեմ հարուցված գործը` քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին` «զրպարտություն» մասով, «քննվել է քննչական ենթակայության կանոնների բացահայտ խախտմամբ»:

Մարիամ Սուխուդյանի հանդեպ հարուցված գործի նախաքննությունը արդեն ավարտվել է: Հիշեցնենք, որ նրա դեմ հարուցված մեղադրանքը երկու անգամ արդեն փոխվել է, առաջին անգամ վերածվել «սուտ մատնության» հոդվածի, ապա կրկին մեղմացվել է` «զրպարտություն»:

Սուխուդյանին առաջադրված մեղադրանքների հիմքում դրվել է միայն դպրոցի աշակերտուհիներից մեկի ցուցմունքը: Աշակերտուհին հայտնում էր, որ «այն ամենը, ինչ ասել է Մարիամի նկարահանած տեսագրությունում` դպրոցի ուսուցչի կողմից իր հանդեպ կատարված սեռական ոտնձգությունների մասին, իրականությանը չի համապատասխանում, եւ ինքը ստել է Մարիամի դրդմամբ»:

«Ավելի քան պարզ են դեպքերը. կա մեկ վկա, ով ցուցմունք է տվել Մարիամ Սուխուդյանի դեմ, եւ կան բազմաթիվ վկաներ, ովքեր հակառակ ցուցմունքն են տվել, քննիչը արժանահավատ չի համարել 3-4 սաների ցուցմունքը», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել հեռախոսային ձայնագրություն, որտեղ պատմության հերոս դարձած աշակերտուհին դպրոցում աշխատած կամավորների խմբից մեկին ասում է, որ ինքը ստելու է դատարանում, քանի որ «խայտառակ է եղել, մայրը բարկացել է» եւ այլն: Այս ձայնագրությունը չի ճանաչվել որպես ապացույցի տեսակ:

Նախաքննությունը արդեն ավարտվել է եւ մեղադրվող կողմին տրամադրվել է ժամանակ, որպեսզի վերջինս ներկայացնի իր միջնորդությունները: Եթե դրանք մերժվեն, ապա կկազմվի մեղադրական եզրակացություն եւ գործը կուղարկվի դատարան, եթե բավարարվեն, ապա կկատարվեն համապատասխան դատավարական գործողություններ:

«Միջնորդությունները վերաբերելու են նրան, որ կամավորների մոտ եղած ձայնագրությունները ճանաչվեն ապացույցի տեսակ, եւ որ Մարիամի նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը, քանի որ առաջադրված մեղադրանքը անհիմն է եւ գործի նյութերով որեւէ կերպ չի հիմնավորվել», - հայտնեց Սուխուդյանի փաստաբանը:

Միջնորդությունները դատարան են ներկայացվելու երկուշաբթի` նոյեմբերի 9-ին:
XS
SM
MD
LG