Մատչելիության հղումներ

Թատրոնը նորից կխոսի երիտասարդների լեզվով


Արեւից ծնված աղջկա մասին է երիտասարդ բեմադրիչ Զարուհի Անտոնյանը պատմում իր «Ամպից պոկված երազ» ներկայացման մեջ, որը մատների թատրոն ժանրում է: Իր գործընկերների հետ միասին Զարուհին իր այս աշխատանքը նոյեմբերի 8-18-ը ներկայացնելու է Երիտասարդ ռեժիսուրայի 4-րդ հանրապետական փառատոնին:

Երիտասարդական թատերական փառատոնն իրականություն է դարձել թատերական գործիչների միության շնորհիվ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ, նպատակն է խթանել երիտասարդական թատրոնի զարգացումը, ներգրավել նորանոր ուժեր եւ, ի վերջո, դրամատուրգիայի միջոցով հանդիսատեսին ներկայացնել երիատասարդների առաջ քաշած խնդիրները: Ազատ մուտքով այս փառատոնն իսկապես կարող է լավ առիթ լինել բեմում տեսնելու եւ լսելու նոր սերնդին:

Գրիգոր Խաչատրյանը, օրինակ, «Արնախումի ընտանիքը» ներկայացման մեջ վերհանել է իր կարծիքով բավական արդիական ու վտանգավոր մի խնդիր` թմրամոլությունը:

Մեկ այլ երիտասարդ բեմադրիչ` Գուժ Թադեւոսյանը, անդրադարձել է ճապոնացի հեղինակ Ակուտագավա Ռյունեսկոյի «Թավուտում» պատմվածքին` եւս մեկ անգամ քննարկելու ճշմարտության ֆենոմենը:

Երիտասարդներն, ի դեպ, պնդում են, թե իրենց երջանիկ են զգում, քանի որ ստեղծագործական ազատություն ունեն, բեմադրում են իրենց հուզող խնդիրներն ու թեմաները եւ չեն էլ մտածում սահմանափակումների մասին:

Սահմանափակումները, սակայն, ավելի քան միջնորդավորված են, եթե նկատի ունենանք, որ մերօրյա գերքաղաքականացված միջավայրում ապրող երիտասարդները հիմնականում խոսում են «ուրիշ» աշխարհների մասին եւ քաղաքականությունն էլ մեջբերում են իրենց արվեստի խիստ թաքնված, երբեմն աննկատ շերտերում:

Արվեստում քաղաքական թեման շարունակում է մնալ երկաթե վարագույրի հետեւում: Մշատեպ կան «տաբու» թեմաներ, որոնց դիպչելու դեպքում պարզապես ազատ բեմ չես գտնի: Դրանցից է, օրինակ, «մարտի 1-ը», որը բոլորովին վերջերս իր «միակողմանի» արտահայտությունը գտավ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմում, իսկ դեպքերի ականատես երիտասարդ բեմադրիչների համար նորանկախ Հայաստանի պատմության այդ էջը փակ է:

Ասում են, թե վախի խնդիր չունեն, պարզապես չեն ցանկանում «իրականության պարզ արտացոլմամբ զբաղվել»:

Իսկ Համազգային թատրոնի երիտասարդ բեմադրիչ Կարապետ Բալյանը վստահ է, որ այդ կապակցությամբ արգելքներ չկան եւ առաջարկում է իրեն ներկայացնել «մարտի 1-ի» դեպքերին առնչվող ներկայացման սցենարը, որպեսզի ինքը փորձի բեմադրել այն:
XS
SM
MD
LG