Մատչելիության հղումներ

Ադրբեջանի մայրաքաղաքում` «Գյուլիստան» պալատում ուրբաթ օրը մեկնարկում է «Միջկրոնական երկխոսություն. փոխըմբռնումից գործակցություն» թեմայով երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հոգեւոր առաջնորդներ։

Բաքվում են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը, Բելառուսի միտրոպոլիտ Ֆիլարետը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի ներկայացուցիչը, Թուրքիայի պետնախարար Ֆարուք Չելիքը, Ռուսաստանի, Իրանի նախագահների ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության տարածքում մահմեդական առաջնորդները, աստվածաբաններ եւ հասարակական գործիչներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների պատվիրակներ։

Խորհրդաժողովն անցկացվում է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Նա ծնվել է 1949 թվականի օգոստոսի 26-ին։ 2009 թվականը նրա համար հոբելյանական է նաեւ այն առումով, որ ծագումով թալիշ, կրոնական կրթությունն Ուզբեկստանում ստացած Փաշազադե Ալլահշուքյուր Գումետօղլուն 30 տարի առաջ է ստանձնել Կովկասի մահմեդականների վարչության նախագահությունը։

Հինգշաբթի օրը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Իսկ չորեքշաբթի օրը նա ընդունել է Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին։

Մեկնաբանները ենթադրում են, որ Բաքվում կարող է տեղի ունենալ նաեւ Ռուս եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների առաջնորդների առանձնազրույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG