Մատչելիության հղումներ

Հայաստանի բջջային կապի շուկայում արդեն գործում է երրորդ օպերատորը


Հայաստան -- France Telecom ընկերության նախագահ Դիդյե Լոմբարը (Ձ) եւ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը «Օրանժ-Արմենիա» ընկերության սպասարկման կենտրոնի բացման արարողությանը, 5-ը նոյեմբերի, 2009թ.

Հայաստան -- France Telecom ընկերության նախագահ Դիդյե Լոմբարը (Ձ) եւ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը «Օրանժ-Արմենիա» ընկերության սպասարկման կենտրոնի բացման արարողությանը, 5-ը նոյեմբերի, 2009թ.

Նոյեմբերի 5-ից Հայաստանի բջջային կապի եւ ինտերնետային ծառայությունների շուկայում գործում է Orange բրենդային անվանմամբ ներկայացող ֆրանսիական France Telecom ընկերությունը։

Ընկերության գործունեության մեկնարկի առիթով հրավիրված հանդիպմանը France Telecom ընկերության նախագահ Դիդյե Լոմբարը հինգշաբթի գոհունակություն հայտնեց «Orange ընտանիքում տեղի ունեցող այս նոր ծնունդի առթիվ»՝ նշելով, որ ֆրանսիական ընկերության մուտքը հայաստանյան շուկա «անհնար կլիներ առանց Հայաստանի կառավարության աջակցության»։

Մեկնաբանելով ընկերության որոշումը՝ ներդրումներ կատարել Հայաստանում, Դիդյե Լոմբարը նշեց, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեն «առանձնահատուկ հարաբերություններ. Ֆրանսիան ունի շատ հզոր հայ համայնք» եւ վստահեցրեց, որ իր ներկայացրած ընկերությունը պատրաստվում է վստահելի կապ ապահովել երկու երկրների միջեւ։

Հայաստան -- Հաճախորդները ծանոթանում են «Օրանժ-Արմենիա» ընկերության ծառայություններին՝ նորաբաց սպասարկման կենտրոնում, 5-ը նոյեմբերի, 2009թ.
«Օրանժ-Արմենիա»-ի նպատակն է դառնալ հեռահաղորդակցության ոլորտի ամենասիրված ապրանքանիշը Հայաստանում: Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուան այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ նոյեմբերի 4-ի դրությամբ ընկերության ինտերնետային կայքի միջոցով արդեն իսկ գրանցվել է 65 հազար բաժանորդ:

Հայաստանյան բջջային կապի շուկայում այժմ գործում են ռուսաստանյան ընկերությունների պատկանող երկու օպերատորներ՝ «ԱրմենՏել-Բիլայն» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ», որոնք, ըստ որոշ գնահատականների, միասին սպասարկում են ավելի քան 2,6 միլիոն բաժանորդների։

Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի՝ «Օրանժ-Արմենիա»-ի ղեկավարները գտնում են, որ չնայած դաշտի հագեցվածությանը, բավական մեծ են առաջխաղացման եւ ներդրումների հնարավորությունները, եւ հավաստիացնում են, որ Հայաստանում իրենց գործունեությունը սկսել են 83 տոկոս ծածկույթ ապահովելով։ Ըստ այդմ՝ «Օրանժ-Արմենիա»-ն գործում է հանրապետության 500 համայնքներում՝ քաղաքներում եւ գյուղերում։

Հայաստանյան շուկայում ընկերությունն առաջարկում է 4 հիմնական ծառայություն` կանխավճարային եւ հետվճարային շարժական կապ, շարժական կապ բիզնես հաճախորդների համար եւ ինտերնետ կապի ծառայություններ։

Ընկերության Մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով, «Օրանժ-Արմենիա»-ն մատուցելու է գերարագ ինտերնետ ծառայություններ: Ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանում ունեն ամենաընդարձակ 3G+ ցանցը:

«Մեր նպատակն է Հայաստանում ինտերնետը դարձնել մատչելի բոլորի համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արամ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ ընկերության ներկայացրած «Ինտերնետ Հիմա» USB մոդեմը հնարավորություն է տալիս մինչեւ 7.2 Մեգաբիթ/վարկյան արագությամբ տվյալներ ներբեռնել ինտերնետից։ Ընդ որում, «Օրանժ Արմենիա»-ի ներկայացուցիչների հավաստիացմամբ, ընկերության ինտերնետ կապը կգործի այն բոլոր քաղաքներում եւ գյուղերում՝ շուրջ 500, որտեղ գործում է ընկերության բջջային կապը։

Հայաստանում արդեն իսկ գործող երկու օպերատորները տեւական ժամանակ առաջարկում են ինտերնետ կապի համանման ծառայություններ՝ համակարգչային USB-պորտով միացող մոդեմներով։ Ե՛ւ «Բիլայն»-ի, ե՛ւ «Վիվասել- ՄՏՍ»-ի կայքէջերում նշվում է, որ այս ընկերությունները ունեն տեխնիկական հնարավորություններ՝ տվյալների ներբեռնման համանման արագություններ՝ մինչեւ 7.2-7.5 Մբիտ/վ ապահովելու համար, թեեւ «Վիվասել-ՄՏՍ»-ի 3G գերարագ ինտերնետային կապը գործում է 50 քաղաքներում եւ խիտ բնակեցված գյուղական համայնքներում, իսկ «Բիլայն»-ը առայժմ սահմանափակվում է միայն Երեւանի որոշ համայնքներով։

«Օրանժ»-ը Հայաստանում «երկար եւ փայլուն կյանքի» ակնկալիք ունի, ասում են ընկերության ներկայացուցիչները: France Telecom-ը Հայաստանում գործելու արտոնագիր ձեռք բերեց 2008 թվականի նոյեմբերին եւ արդեն կատարել է 90 միլիոն դոլարի ներդրում, բացել է 300 աշխատատեղ:

France Telecom ընկերությունը գործում է աշխարհի 30 երկրներում եւ հանդիսանում է Եվրոպայի մեծությամբ երրորդ բջջային օպերատորը՝ սպասարկելով 189 միլիոն բաժանորդների։

XS
SM
MD
LG