Մատչելիության հղումներ

Զինծառայությունից խուսափում են Հայաստանի «ընդհանուր ռեսուրսների մոտ 25 տոկոսը»


Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Հարությունյանի տեղեկացմամբ, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողների թիվն այսօր կազմում է Հայաստանի «ընդհանուր ռեսուրսների մոտ 25 տոկոսը»։

Հարցին, թե ի՞նչ միտում է արձանագրել զինծառայությունից խուսափողների թիվը վերջին տասը տարիների կտրվածքով, գնդապետ Հարությունյանը պատասխանեց. - «90-ական թվականների վերջի, 2000-ական թվականների սկզբի [համեմատությամբ] խուսափողների թիվը, կարելի է ասել, մեզ մոտ 50 տոկոսով նվազել է, որը մեզ ուրախացնում է»:

Նա հավելեց, որ ծառայությունից խուսափողների թվի մի զգալի բաղադրիչը, սակայն, օբյեկտիվ բացատրություն ունի. - «Ես կխնդրեի, որ ֆիքսեիք այն փաստը, որ ոչ թե զորակոչից խուսափելու խնդիրն է այստեղ, այլ, կապված երկրի սոցիալական վիճակի, կապված պատերազմական վիճակի, կապված հետխորհրդային տարիների հետ, մեր ազգաբնակիչներից շատերը դուրս էին գալիս հանրապետության տարածքից, բնականաբար, նրանց հետ մեկնում էին իրենց արու զավակները, եւ երբ լրանում էր նրանց 18 տարին, ավտոմատ կերպով դառնում էին հաշվառումից դուրս մնացածներ: Կամ, ասենք, 10-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններում հաշվառվում էին զինկոմիսարիատներում, լրացվում էին նրանց համար անձնական գործեր, ստորագրում էին զորակոչիկները պարտավորագրեր եւ երբ ընտանիքի հետ դուրս էին մեկնում… 18 տարեկանում չներկայանալու պատճառով մենք նրանց նկատմամբ նյութերը պատրաստում, հանձնում էինք իրավապահ մարմիններին, եւ նրանք համարվում էին խուսափողներ»:

Զինծառայությոնից խուսափողների թվի զգալի նվազումը, Հարությունյանի խոսքով, բացատրվում է մեր բանակի կայացածությամբ։

Ընդ որում, գնդապետի տվյալներով, նկատվում է նաեւ նախկինում ծառայությունից խուսափածների վերադարձի միտում. - «Արձանագրել ենք գարնանային զորակոչի ժամանակ 113 նախկինում խուսափող զորակոչիկներ, որոնք վերադարձել են, 202 նախկինում հաշվառումից դուրս մնացածներ ներկայացել են»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է այսօր այլընտրանքային ծառայություն անցնել ցանկացողների թիվը, Հարությունյանը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ այլընտրանքային ծառայության մեկնելու ցանկացողներ չեն եղել: Միայն ասեմ՝ եղել են դիմողներ, որոնք իրենց դիմումների մեջ շեշտել են ոչ թե զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայության մեկնելու ցանկություն, այլ ցանկացել են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, որը մեր օրենսդրությունը չի նախատեսում»:

Սահմանված կարգով համապատասխան գումար վճարելու միջոցով, ըստ Հարությունյանի, ամեն տարի գրեթե 1000 մարդ, համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո, վերադարձվում է զինհաշվառման։

Վճարված գումարների մասին բանախոսը տեղեկություն չուներ։ Նա հավելեց միայն, որ այս ընթացակարգը, իրենց ներկայացուցչի միջոցով, կարող են անցնել նաեւ ներկայումս արտերկրում գտնվողները։

Տարկետման իրավունքի եւ ծառայությունից ազատման կապակցությամբ գնդապետը, մասնավորապես, նշեց. - «Մեր ռեսուրսների նորից 20-25 տոկոսը ստանում են տարկետման իրավունք առողջական վիճակի պատճառով: Նկատի ունեմ ե'ւ վեցամսյա տարկետումները, ե'ւ 3 տարվա տարկետումները, ե'ւ նրանց, ովքեր առողջական վիճակի պատճառով հանվում են զինվորական հաշվառումից»:

Հարությունյանն ասաց, որ համապատասխան օղակներն ամեն ինչ անում են, որպեսզի հիվանդները չհայտնվեն բանակում։ Անգամ, այդ երեւույթից խուսափելու համար, բանակում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով` կրկնական ստուգումներ անցկացնելու նպատակով։ Գնդապետի խոսքերով, եղել են նաեւ ռազմաբժշկական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկներին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր։

Այժմ բանակ են գնում 1991 թվականին ծնվածները։ Հարցին, թե այդ շրջանում ծնելիության ցածր մակարդակը չի՞ անդրադառնա զորակոչի վրա, Հարությունյանը արձագանքեց. - «Մենք այդ խնդիրը չունենք, որովհետեւ… այսօր պարտադիր զինվորական ծառայության զորակոչին զուգահեռ կազմակերպում ենք պայմանագրային ծառայություն եւ բավականին մեծ քանակությամբ զինապարտներ, որոնք ծառայել են պարտադիր զինվորական ծառայությունը, այսօր մեծ հաճույքով ընդգրկվում են այդ ծառայության մեջ»:

Գնդապետ Հարությունյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին մեկնարկում է հերթական աշնանային զորակոչը, որը Հայաստանի Հանրապետության 35-րդ զորակոչն է։ Նրա խոսքով, այդ կարեւոր միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար համապատասխան ցուցումներ են տրվել պետական բոլոր շահագրգիռ գերատեսչություներին եւ մարմիններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG