Մատչելիության հղումներ

Հինգշաբթի երեկոյան Բեռլինում աշխարհի խոշորագույն երաժշտական ալիքներից մեկը` MTV Europe-ը կհրապարակի 2009-ի առաջատար կատարողների անունները:

Բեռլինյան ամենամեծ համերգասրահներից մեկում հավաքվելու են տարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնող տասնյակ կատարողներ` Շակիրայից ու Դիմա Բիլանից մինչեւ իռլանդական U2 ռոք խումբը:

U2-ն այս տարի միանգամից երկու` «Լավագույն ռոք խումբ» եւ «Համերգներով հանդես եկող լավագույն խումբ» անվանակարգերում է ներկայացված:

Խմբի մենակատար Բոնոն U2-ի բեմական երկարակեցության հիմնական պատճառ է համարում անկեղծությունը:

«Երաժշտությունը ինձ համար, նախեւառաջ, ըմբոստանալու հնարավորություն է: Երբ բեմ ես բարձրանում, դահլիճում հավաքվածները պետք է տեսնեն քո այդ ըմբոստությունն ու հավատան դրան», - նշում է Բոնոն:

Քննադատների կարծիքով` այս տարի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթելու ամենամեծ շանսերը Շակիրայինն են:

MTV Europe-ին տված հարցազրույցում կոլումբիական ծագում ունեցող երգչուհին պատմում է, թե ինչպես կարողացավ տեւական ընդմիջումից հետո բեմ վերադառնալ: «Իմ այսօրվա աշխատանքները շատ են տարբերվում այն ամենից, ինչ ես 10 տարի առաջ էի անում: Սակայն ամեն անգամ այնպիսի զգացողություն է, կարծես ամեն ինչ զրոյից ես սկսել: Ադրենալինի եւ սպասումների մակարդակը միշտ էլ նույնն է», - նշում է Շակիրան:

MTV Europe-ի մրցանակաբաշխության գլխավոր` «Լավագույն եվրոպական կատարող» անվանակարգում միանգամից մի քանի անակնկալ կա: Առաջատար հավակնորդների հնգյակում է 2008 թվականի «Եվրատեսիլ»-ի հաղթող Դիմա Բիլանը: Բացի այդ, առաջին անգամ առաջատարների թվում են նաեւ Թուրքիաի ներկայացուցիչները. Ստամբուլում գործող «Մանգա» ռոք խմբի հաջողության գրավականը, ըստ քննադատների, ռոքի, ռեփի եւ թուրքական ազգային ելեւէջների համադրումն է:

MTV Europe-ի այս տարվա մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտնի կդառնան ուշ երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG