Մատչելիության հղումներ

Միջնորդները ժամանում են տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Ռոբերտ Բրադկեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հինգշաբթի օրը այցելում են Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Տարածաշրջան այցելությունը սկսելով Բաքվից` համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուրբաթ օրը միջնորդները այցելելու են Երեւան` բանակցելու Հայաստանի ղեկավարների հետ:

Ավելի վաղ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել էր, թե այցելությունը կարճատեւ է լինելու, ուստի ժամանակ չի լինի Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Նոյեմբերի սկզբին տարածաշրջան այցելելու մասին հաղորդագրությունը միջնորդները տարածել էին անցած շաբաթվա սկզբին` հոկտեմբերի 26-ին, Լյուքսեմբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո: Դրական գնահատելով արտգործնախարարների հետ հանդիպումները, համանախագահները ասել էին, թե տարածաշրջան են մեկնելու` հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը կայացել է մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 8-ին Քիշնեւում: Միջնորդները ասել էին, թե նախագահները շուտով նոր հանդիպում կունենան:

Համանախագահները նախապատրաստում են երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը, ինչպես նաեւ պատրաստվում են ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին, որը անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ը Աթենքում: Այստեղ եւս սպասվում է Ղարաբաղի խնդրի քննարկում ու արտգործնախարարների հանդիպում. ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, մասնավորապես, ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անխուսափելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG