Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 5-ի մամուլ


«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. - «Կարծես թե իրականություն են դառնում այն հոռետեսական կանխատեսումները, թե արձանագրությունների ստորագրմանը չի հաջորդելու ո'չ դրանց վավերացումը, ո'չ էլ հայ-թուրքական սահմանի բացումը: Թուրքիայի խորհրդարան մտած արձանագրությունների հետագա ճակատագրի մասին թուրքական աղբյուրները լռում են… Բայց եթե թուրքական իշխանությունը հանդգնի կեսճանապարհից հետ կանգնել, նրան կարող են չարաչար պատժել: Բայց արդյո՞ք այդ պատժամիջոցները այնքան ահասարսուռ են, որ Թուրքիան տրորելով անցնի իր եւ Ադրբեջանի եղբայրության վրայով: Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքը ավելի կարեւոր է, քան արյունակից եղբող ցասումը: Չէ որ նրանք տարբեր առիթներով հավաստիացրել են Ադրբեջանին, որ նրանց շահը իրենց համար սուրբ է, եւ նրա ոտնահարված իրավունքների վերականգնումը իրենց պարտքն է: Ահա այն փակուղին, ինչից վախենում էին մեր քաղաքական գործիչները եւ ինչից զգուշացնում էին մեր հայրենի իշխանություններին»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ռուսաստանի փոխարտգործնախարարը մի քանի օր առաջ մի ուշագրավ միտք է հայտնել՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում միայնակ երաշխավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությունների կատարումը՝ եթե այդպիսիք ձեռք բերվեն: Հարց է ծագում՝ ի՞նչ համաձայնությունների մասին է խոսքը, եւ ո՞ւմ են ուղղված ռուս դիվանագետի հավաստիացումները: Սկսենք նրանից, որ «երաշխիք» ասելով՝ Ռուսաստանը իր խաղաղապահները նկատի ունի, իսկ դրանք «պետք կգան» միայն այն դեպքում, եթե հայկական զորքերը դուրս բերվեն ազատագրված շրջաններից: Եթե տարածքային զիջումները չլինեն, խաղաղապահների կարիք էլ չի զգացվի (15 տարի է՝ առանց խաղաղապահների «յոլա ենք գնում»): Այսինքն՝ ռուսները մեզ ասում են. «հանգիստ վերադարձրեք այդ տարածքները, մենք թույլ չենք տա, որ դրանից հետո ադրբեջանցիները հարձակվեն Ղարաբաղի վրա»: Չեք հավատում՝ հիշեք Հարավային Օսեթիան»:

«Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասում է. - «Որոշում է ընդունվել Պաշտպանության նախարարության ծախսերը ծածկելուն ուղղել համախառն ներքին արդյունքի 3.5 տոկոսը, բայց ասեմ, որ ընթացիկ ծախսերի կրճատում տեղի չի ունեցել: 2009 թվականի մակարդակը մենք թողնում ենք առանց փոփոխության: Միայն կապիտալ ներդրումների, մանավանդ՝ կապիտալ շինարարության բնագավառում են տեղի ունեցել որոշակի փոփոխություններ»: Լրագրողի հարցին, թե իրեն չե՞ն անհանգստացնում ինչպես տարբեր ռանգի ադրբեջանական պաշտոնյաների ագրեսիվ հայտարարությունները, այնպես էլ այնտեղ ռազմական բյուջեի աճը, նախարարը պատասխանել է. - «Մտահոգություն միշտ կա, բայց ասեմ, որ հակառակորդի թվային գերակշռությանը մենք միշտ հակադրել ենք մեր զինվորականության ոգին եւ մեր պատրաստվածության աստիճանը: Իհարկե, լավ կլիներ, որ ֆինանսավորումն էլ շատ լիներ»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայ-թուրքական հարաբերության կարգավորման առկա գործընթացը բավականաչափ պղտորեց ներքաղաքական այն պարզությունը, որ կար մինչ այդ: Եվ իշխանությունը գիտակցաբար գնաց դրան, եւ ընդդիմությունը որոշակիորեն սկսեց խաղալ խաղի այդ կանոններով: Գուցե դա անխուսափելի էր, գուցե դա միակ ճիշտ քայլն էր, սակայն փաստն այն է, որ դրանով ընդդիմությունը սկսեց անհասկանալի լինել հասարակության շրջանում: Ավելին՝ ընդդիմությունը սկսեց լինել ավելի անհասկանալի, քան իշխանությունը: Խնդիրն այն է, որ հասարակությունը շատ լավ հասկանում էր, թե ինչու է հայ-թուրքական խաղերին տրվում Սերժ Սարգսյանը՝ նա դրսում որոնում է այն, ինչ չունի եւ ունենալու հույս էլ չունի ներսում: Իսկ ի՞նչ էր որոնում ընդդիմությունը՝ այդքան ոգեւորությամբ տրվելով եւ մտնելով հայ-թուրքական խաղերի մեջ, իր գործողությունները եւ հանրային ելույթները բավականաչափ նվիրելով այդ խաղերին եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական վերլուծություններին, հասարակության համար թերեւս դարձավ բավական անհասկանալի, իսկ ընդդիմությունն էլ, քաղաքական ընդդիմությունը, հասարակության համար վերջին ամիսներին սկսեց կամաց-կամաց վերածվել ընդամենը աշխարհաքաղաքականության փորձագիտական կենտրոնի»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ըստ մեր ունեցած ամենահավաստի տեղեկությունների, ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը վերջնականապես որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից, եւ հենց այդ հանգամանքով է բացատրվում նրա արտասովոր պասիվությունը ամառ-աշուն սեզոնում։ Ըստ որում, Տեր-Պետրոսյանը ցանկանում է ոչ թե պարզապես հեռանալ, այլ անպայման ժառանգորդ թողնել իրենից հետո։ Հենց վերջինիս փնտրտուքով էլ նա զբաղված է վերջին ամիսներին... Բարդությունն այստեղ այն է, որ մինչեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններն այնքան էլ շատ ժամանակ չի մնում։ Մինչդեռ իր ճանապարհին ամեն արգելք վստահորեն վերացնող թեկնածու, որը կգլխավորի ցուցակը, նրանց շարքերում չի երեւում նույնիսկ հեռանկարում, իսկ մնացած երկուսուկես տարվա ընթացքում նման թեկնածու պատրաստելը չափազանց բարդ խնդիր է։ Իսկ գործող հերոսներին կարելի է թեկուզեւ այսօր թողնել հեռուստաեթեր. տեսարանն առավել քան խղճալի կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG