Մատչելիության հղումներ

Ստամբուլահայ խմբագիրները դրական են գնահատում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը


«Հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունների ստորագրմանը հաջորդած վայրիվերումների ալիքից հետո կողմերը կարծես դադար են վերցրել», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չորեքշաբթի ասաց Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

«Այս փուլում երկու կողմերը հիմնականում նայում են հակառակ կողմի դիրքորոշմանը եւ սպասում են, որ մյուսը ի՞նչ քայլ պիտի ձեռնարկի՝ թե՛ դիմացինի քաղաքական կամքը նորից փորձարկելու, եւ թե հասարակության իրարամերժ տրամադրությունները հնարավորինս հավասարակշռելու ցանկությամբ», - պարզաբանեց Գոչունյանը։

Բացի դրանից, ըստ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի, երկու կողմերը ուշի-ուշով հետեւում են միջազգային անցուդարձին, ուժերի վերաձեւավորման գործընթացին։

Ստամբուլի երկլեզու «Ակոս» թուրքահայ թերթի խմբագիր Արիս Նալջի դիտարկմամբ, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը դրական ազդեցություն է ունեցել այն իմաստով, որ երկու երկրների համայնքները, ժողովուրդները սկսել են ավելի լավ ճանաչել միմյանց։

«Արդեն հեռուստատեսությունները եւ լրատվամիջոցներն են երկու ժողովուրդներին ծանոթացնում իրար հետ։ Ուրեմն, այո՛, դրական կերպով [է ազդում]», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Նալջը։

Արիս Նալջի խոսքով, Թուրքիայի հայ համայնքը դրական է վերաբերվում սկսված գործընթացներին, ուստի անհրաժեշտ է, որ համայնքն էլ ներգրավվի դրանում՝ «որովհետեւ այն մի համայնք է, որը գիտի թե՛ թուրք, թե՛ հայ ժողովուրդների տեսակետները»։

Սփյուռքահայության մի մասը կտրականապես դեմ է հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմանը։

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի կարծիքով, սակայն, հարցը հանձնաժողովում քննարկելով՝ «ցեղասպանության փաստը հարցականի տակ չի դրվում»։

«Թուրքիան փնտրում է ինչ-որ մի պլատֆորմ, որի վրա հայկական կողմի հետ ուղղակի պիտի կարողանա քննարկել այս թեման։ Համենայնդեպս, մենք ձեռքբերում պիտի համարենք, որ երկու կողմերը իրար հետ քննարկելու պատրաստակամություն ունեն այս փուլում։ Կարեւոր նախադրյալներ կան այսօր, որպեսզի այդ հակադիր մոտեցումները կարելի լինի մի քիչ ավելի իրար մերձեցնել», - ասաց Գոչունյանը։

Իր հերթին, «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջը ասում է, որ հանձնաժողովի գործունեությունը կարող է դրական նշանակություն ունենալ. - «Կարծում եմ, որ այնքան էլ դյուրին չի լինելու, բայց, ի վերջո, մի քանի տարիների ընթացքում մարդիկ իրենց պատմության հետ կապ պիտի հաստատեն»։
XS
SM
MD
LG