Մատչելիության հղումներ

2010-ի բյուջեն կրճատումներ չի նախատեսել գիտության ոլորտում


Արտակ Դավթյան
Արտակ Դավթյան

2010-ի բյուջեում Ազգային Ժողովի կրթության եւ գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում գումարները կրճատվել են, բացառութունը միայն գիտությունն է, որտեղ պետությունը խնայողություններ չի նախատեսել: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Գիտության ոլորտում գալիք տարի կպահպանվի 8,3 միլիարդ դրամը, որի առյուծի բաժինը գնալու է բազային` այսինքն պահպանման ծախսերին:

Կրթության ոլորտում խոշոր` 31 միլիարդի կրճատում կա. գումարն իջել է 95,5 միլիարդի, որից միայն 65 միլիարդը կուղղվի հանրակրթությանը, մոտ 3 միլիարդ դրամ` դպրոցների վերանորոգմանը: 1 միլիարդով էլ պակասել է մշակույթի բյուջեն` հասնելով 8,8 միլիարդի:

Կրթական բարեփոխումների մասով օգնության կգա նաեւ համաշխարհային բանկի տրամադրած վարկը: Արտակ Դավթյանի փոխանցմամբ, «խնայողությունները չեն ազդել ո’չ մանկավարժների աշխատավարձի, ո’չ էլ ուսումնական պրոցեսի վրա»: Հաջորդ տարվա կրթական գերակա ուղղությունը հանրակրթական բարեփոխումներն են, մասնավորապես` ավագ դպրոցներում հոսքային ուղղությունների հստակեցումը ու նաեւ լաբորատոր բազայի ստեղծումը: Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնելու նաեւ դասագրքերի խնդրին:
XS
SM
MD
LG