Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ իր ռուսաստանյան անձնագիրը ուղարկել է Կրեմլ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` Վաշաձեի այս մեկնաբանությունները հետեւել են նրան Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ Պետդումայի պատգամավորներից մեկի նախաձեռնությանը, ով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին մեղադրել է անցած տարվա օգոստոսյան պատերազմից հետո հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ:

Պետդուման այս շաբաթ մերժել է այդ նախաձեռնությունը, ինչի առնչությամբ Վաշաձեն լրագրողներին ասել է, թե «Պետդուման մի փոքր ուշացավ», քանի որ ինքը արդեն նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` հրաժարվելով այդ երկրի քաղաքացիությունից. - «Ես այն անձնագրի հետ դրել եմ ծրարում եւ ուղարկել: Դրանով իսկ իմ ռուսաստանյան քաղաքացիությունը ավարտված է»:

51-ամյա Գրիգոր Վաշաձեն Վրաստանի եւ Ռուսաստանի երկքաղաքացիություն ուներ:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մեծ թատրոնի նախկին պարուհի Նինո Անանիաշվիլիի ամուսինն է: Վաշաձեն ավարտել է Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտը եւ 1980-88 թվականներին աշխատել է ԽՍՀՄ-ի արտգործնախարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG